Իշխանությունները հստակ մեխանիզմներ ունեն՝ առաջիկա ընտրություններին ընտրակաշառքը բացառելու: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Արարատ Միրզոյան ասաց. «Հեծանիվ հորինելու խնդիր չկա, մեծ հաշվով օրենսդրությունը, այդ թվում քրեական, որոշակիորեն գործիքներ նախատեսում է այս երեւույթի դեմ պայքարելու: Գաղտնիք չէ, որ մինչ այժմ չի եղել քաղաքական կամք սրա դեմ պայքարելու: Այս պահին քաղաքական կամքը կա, գործիքները կան, հետագա կատարելագործման մասին անշուշտ կմտածենք»:
Հիշեցնենք, որ կառավարությունում այսօր վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստ էր: Նիստում քննարկվել են ընտրակարգին, կրկնաքվեարկությունը բացառելու, ընտրական ցուցակները մաքրելու հետ կապված հարցեր եւ որոշում ընդունել 100 տոկոս համամասնական ընտրակարգ ամրագրել, նաեւ՝ անցողիկ շեմն իջեցնել:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ընտրողը ստանալու է մասնակից կուսակցությունների եւ դաշինքների թվին համապատասխան քվեաթերթիկներ եւ մեկ ծրար, իր նախընտրած քվեաթերթիկը դնելու է այդ ծրարի մեջ: Սա հնարավորություն է տալու նաեւ, որ վատ տեսնող ընտրողները կարողանան ինքնուրույն, առանց օգնողի ընտրել, մեծ տառերով կամ մեծ թվով կլինի տվյալ կուսակցությունը, նաեւ հայերենին չտիրապետող ընտրողների հարցը կլուծվի:
Հարցին՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցով զիջումների պատրա՞ստ եք, որովհետեւ ՀՀԿ-ից ասում են, որ իրենք պատրաստ են զիջումների, իսկ դուք պատրաս՞տ եք զիջումների ընտրակարգի հարցով՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մենք ունեք որոշում, բայց մյուս կողմից քաղաքականությունը, անշուշտ, քննարկումների, բանակցությունների եւ հնարավոր լուծումներ գտնելու արվեստ է: Ես կարծում եմ, որ այս հարցում առնվազն ՀՀ բնակիչների մեծ մասը եւ քաղաքական ուժերի մեծ մասը, այդ թվում խորհրդարանում ներկայացված ուժերի մեծ մասը առանձնապես հակառակ կարծիքներ չեն հնչեցնի: Եթե հնչեցվեն, կքննարկենք եւ արագ կփարատվեն մտահոգությունները»:
Դիտարկմանը, որ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ մենք գտնում ենք, որ ռեյտինգայինն է ճիշտը, եթե մեզ համոզեն, որ համամասնականն է ճիշտ, ռեյտինգայինը վերացնելը անհրաժեշտություն է, կգան կոնսենսուսի՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ես կհամոզեմ»:
Հարցին՝ Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը մարզերում հաշվի առնելո՞վ եք որոշում կայացրել ռեյտինգայինը հանել՝ Միրզոյանը պատասխանեց, որ մարզային թեկնածուների վարկանիշի եւ այս որոշման միջեւ կապ չկա. «Մենք ուզում ենք առավել լավ, օպտիմալ լուծում գտնենք, լավ ընտրակարգ մշակենք ՀՀ-ի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մարզերը Ազգային Ժողովում ներկայացնելու միակ տարբերակը ,,ռեյտինգայինն,,է,թե չե կարող է մեկ մարզից մի քանի պատգամավորներ ընտրվեն,մեկ այլ մարզից ոչ մեկ:Իսկ թե ինչպես պետք է ապահովել անկաշառ ընտրություններ՝թող մտածեն իշխանությունները…..