Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ԱԺ-ում ավելի շատ կուսակցություններ ու դաշինքներ կմտնեն. Արարատ Միրզոյանը՝ ընտրական անցողիկ շեմն իջեցնելու մասին

Հունիս 28,2018 20:02

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ կառավարությունում ավարտվեց վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստը, որտեղ քննարկվել են ընտրակարգին, կրկնաքվեարկությունը բացառելու, ընտրական ցուցակները մաքրելու հետ կապված հարցեր եւ որոշում ընդունել 100 տոկոս համամասնական ընտրակարգ ամրագրել, նաեւ՝ անցողիկ շեմն իջեցնել:

Հանձնաժողովի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եւ ռեյտինգային ընտրակարգը, եւ փակ ցուցակով 100 տոկոս համամասնականը ունեն իրենց «պլյուսներն ու մինուսները», որեւէ տարբերակ այդքան իդեալական չի. «Մենք այս ընտրությունը արել ենք՝ ելնելով կոնկրետ ժամանակից ու կոնկրետ տարածությունից: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում առկա նպաստավոր ու անբարենպաստ հանգամանքների վերլուծությունից»:

Սա, ըստ Արարատ Միրզոյանի, խթան է կուսակցությունների համար ձեւավորել լավ ցուցակներ: Նաեւ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա քաղաքական դարձնել ընտրությունները եւ լուծել կանանց քվոտայի հարցը, քանի որ ռեյտինգային ընտրակարգով հստակ չէր ֆիքսվում կանանց քվոտան: Միրզոյանն ասաց, որ կարող են քննարկել նաեւ այդ քվոտան մեծացնելու հարցը. «Ընտրախախտումների մեջ մեծ դեր են խաղում, համենայնդեպս, հասարակությանն այդպես մատուցվել է, զանազան նշանների կիրառումը, այդ թվում նաեւ գրիչներով՝ տարբեր գրիչների օգտագործումը, կամ, օրինակ, շատ հեռավոր գյուղերում պնդել են, որ գրիչների վրա կան փոքրիկ տեսախցիկներ, որոնք ֆիքսում են: Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը թույլ է տալիս բացառել գրիչների կիրառումը, ամեն մի կուսակցության համար կլինի առանձին թերթիկ եւ ծրարի մեջ կդրվի այդ թերթիկը, այստեղ էլ ռիսկերի մի հսկայական մասը կվերանա: Այս եւ այլ փաստարկների արդյունքում էր, որ հանձնաժողովը որոշեց ֆիքսել այս ընտրակարգը»:

Դանիել Իոաննիսյանը լրացրեց, որ Հայաստանն ունի միատարր հասարակություն, մենք բաժանված չենք էթնիկ, կրոնական եւ այլ առումով, ի տարբերություն շատ երկրների. «Չեմ հիշի մի դեպք, որ քվեարկության ժամանակ պատգամավորը, որն ընտրվել է որեւէ տարածքից, ասի, որ կոնկրետ իմ տարածքի բնակիչներին այս օրենքը ձեռք չի տալիս: Նման բան չենք տեսել, միշտ գործել են կուսակցության, խմբակցության պրինցիպով, այդպես են քվեարկել»:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՀՀԿ-ականները չեն մասնակցում, հրաժարվել են մասնակցել: Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք հիմա որոշում ենք կառավարության դիրքորոշումը՝ հաշվի առնելով հանձնաժողովում պետական մարմինների, քաղհասարակության, փորձագետների ընդգրկվածությունը, արտախորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաները: Այսքանը մենք հասկանանք, հաստատ կքննարկենք, կբանակցենք ու լուծումներ կգտնենք խորհրդարանական ուժերի հետ»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված անցողիկ շեմի իջեցումը, ինչո՞վ դա կփոխի ընտրությունների որակը՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Քննարկվել են տարբեր տարբերակներ՝ սկսած շեմի վերացումից, մինչեւ պահպանում, հանգել ենք այս լուծման: Հաշվի ենք առել Վենետիկի հանձնաժողովի շարունակական առաջարկները եւ այլ գործոններ նաեւ»:

Իոաննիսյանն ասաց, որ ուսումնասիրություններ են արել, թե ամենաժողովրդավարական երկրներում ինչպիսին է շեմը, պարզվել է, որ միջին ցուցանիշը 3.9 տոկոսն է, ուսումնասիրել ենք, թե այն կոռումպացված երկրները, որոնք փոխել են անցողիկ շեմը, ինչ փոփոխություններ են ունեցել, պարզվել է, որ այդ երկրներում, որտեղ 1-2 տոկոսով շեմն իջեցվել է, դրական փոփոխություններ են եղել: Միրզոյանն էլ ասաց, որ շեմի իջեցումը նպատակ ուներ սահմանափակումներ չստեղծել ավելի փոքր ռեսուրսների տիրապետող կուսակցությունների համար, ապահովել ավելի մեծ ներկայացվածություն ապագա ԱԺ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930