Այսօր կառավարությունում վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստն էր: Դռնփակ նիստի ժամանակ քննարկվել են ընտրակարգին, կրկնաքվեարկությունը բացառելու, ընտրական ցուցակները մաքրելու հետ կապված հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ուշագրավ տեղեկություններ հայտնեց՝ ընդունված որոշումների հետ կապված. «Երկու էական որոշում ընդունեցինք այսօր հանձնաժողովի նիստում՝ հանձնաժողովը ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի հարյուր տոկոսանոց համամասնական, այսպես կոչված փակ ցուցակով: Որոշում կայացվեց անցողիկ շեմի համար, ըստ այդմ խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը որոշվեց իջեցնել 1 տոկոսով՝ դաշինքների եւ կուսակցությունների համար»:
Այսինքն, կուսակցությունների համար 5-ի փոխարեն կսահմանվի անցողիկ շեմը 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս: Սա կամրագրվի Ընտրական օրենսգրքի նախնական նախագծում:
Թե կգա՞ն համաձայնության, չե՞ն գա, որ կետի շուրջ ինչ կարծիքներ կլինեն, Արարատ Միրզոյանն ասաց, որ քննարկումներում կհստակեցվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ