Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ երկու փոխմարզպետներից մեկը, ըստ նախնական պայմանավորվածության պետք է լիներ անկուսակցական թեկնածուն, փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Դա մարզպետի ուզել կամ չուզելով չէ, դա վարչապետի հրամանով է: Ես ճիշտն ասաց չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել տարածքային կառավարման նախարարի եւ պարոն Մարգարյանի հետ: Իմ ինֆորմացիայով նման պայմանավորվածություն չի եղել»:
Խոսելով համայնքներում, դպրոցներում եւ այլ հաստատություններում կուսակցականացման մասին, Ղուկասյանն ասաց. «Այն տպավորությունը չստեղծվի, որ մարզպետը Հրանտ Մարգարյանն է, ուրեմն մարզը տրվել է իրեն, նման բան չի լինելու: Ես ինքս, որպես կուսակցական, խոստանում եմ, որ ոչ մի քաղաքացու, ոչ մի պաշտոնյայի իմ կուսակցության մասին որեւէ առաջարկություն չի լինելու: Դա բացառված է: Ես ինքս երբ որ գնում եմ հանդիպումների, ասենք բուժհիմնարկ, այնքան են մարդիկ վախեցած ու լարված, որ առանց մի բառ խոսելու կուսակցության մասին, իրենք իրենց ծառայություններն են առաջարկում կուսակցական ոլորտում»:
Փոխմարզպետը տեղեկացրեց, որ եկող շաբաթ պատրաստվում է այցելել Թումանյան խոշորացված համայնք: Այստեղ բնակիչները բողոքում են համայնքի ղեկավարից: Ղուկասյանն ասում է, որ համայնք է գնալու ավտոբուսով. «Ես Թումանյան գնալու եմ ավտոբուսով, ինձ հետ տանելու եմ մարզպետարանի աշխատակիցներին: Ավտոբուսով գնալը ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար է, այլ կտեսնենք այդ տարածաշրջանի տրանսպորտի վիճակը, կզրուցենք հասարակ քաղաքացիների հետ եւ այլն: Դա իր մեջ պարունակում է մի քանի դրական բաներ»:
Մանրամասները՝ տեսանյութերում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ