Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարեւաններն ահազանգում են, որ երեխային մայրը անընդհատ ծեծում է, տանը փոքրիկ երեխայի լացի ձայն ենք լսում». Նելլի Դուրյան

Հունիս 28,2018 17:40

Այսօր հրավիրած ասուլիսում ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հիշեցրեց, որ 2 օրից ուժի մեջ է մտնելու Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը, որը իրենց հնարավորություն կտա օգնել բռնության ենթարկված ընտանիքի անդամներին: Տիկին Դուրյանը ցուցադրեց իր թեւի վրա այն տարբերանշանը, որը տեսնելուն պես մարդիկ կիմանան, որ այս ոստիկաններն աշխատում են ընտանիքների հետ, ընտանիքի համար:

Եթե նույնիսկ ծեծի ենթարկված կինը չի համարձակվում զանգահարել ոստիկանություն, հարեւանները, ազգականները կարող են ահազանգել եւ ոստիկանները կանցնեն կոնկրետ քայլերի՝ բռնարարին հեռացնելով տուժողից եւ պաշտպանելով բռնության ենթարկված տան անդամին. «Հիմա էլ ահազանգեր ունենք, բազմաթիվ զանգեր ենք ունենում, ասում են՝ խնդրում ենք, անունը մի տվեք, երեխային մայրը անընդհատ ծեծում է, մենք անընդհատ տանը փոքրիկ երեխայի լացի ձայն ենք լսում: Բնականաբար, ոստիկանը պարտավոր է ուղղակի այցելել այդ բնակարան, շատ դեպքերում հրավիրում ենք խնամակալության եւ հոգեբարձության մարմիններին, ՏԻՄ-երում գործող ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնին»:

Մեր հարցին՝ մեր իրականության մեջ շա՞տ են այսպես ասած «երեխա ծեծող մայրերը» եւ որտե՞ղ է այն սահմանը՝ դա դաստիարակչակա՞ն նպատակներով է, թե՞ բռնություն՝ Նելլի Դուրյանը պատասխանեց. «Երեխային ծեծելը անթույլատրելի է, դա դաժանություն է, դա դաստիարակման մեթոդ չի: Ցավոք, ահազանգերը քիչ չեն, գործեր ունենք, երբ մայրերը երեխաներին ծեծում են՝ պատճառաբանելով, որ նյարդերն են տեղի տալիս եւ երեխայի վրա է պարպում նյարդայնությունը»:

Տիկին Դուրյանը նշեց, որ այն ընտանիքներում, որտեղ բռնություն կա, երեխաները վարքային շեղումներ են ունենում, իրենք էլ սկսում են բռնություն գործադրել հենց իրենց ընկերների նկատմամբ. «Այն երեխան, որն ապրում է առողջ մթնոլորտում, երբեւիցե բռնություն չի գործադրի, դա կարող է լինել եզակի դեպք՝ ինքնապաշտպանության կամ մեկ այլ»:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանն ասաց, որ անհետաձգելի միջամտության որոշումը կամ դատարանի որոշումը խախտելու դեպքում ընտանեկան բռնարարը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կարող է մինչեւ 3 ամսով կալանավորվել եւ մինչեւ 6 ամսով ազատազրկվել: Այսինքն, բռնություն գործադրող անձը, որը կխախտի ոստիկանների կամ դատարանի պայմանը, կարող է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության:

Եթե նույնիսկ ընտանեկան բռնության դեպքից հետո ամուսինները վստահեցնեն, որ հաշտվել են, սիրով ապրում են, ոստիկանությունը շարունակելու է հաշվառում վարել մեկ տարի եւ ուշադրության կենտրոնում պահել այդ ընտանիքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930