Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը հասավ նաև Գյումրի, մինչ այդ շունչը չէինք զգում»․ տիկնիկային թատրոնի աշխատակիցներ

Հունիս 28,2018 17:16

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել տիկնիկային թատրոնի աշխատակիցները։ Նրանք ի սկզբանե որոշել էին իրենց բողոքը ներկայացնել առ այն, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադրված է տիկնիկային թատրոնի տնօրեն նշանակել քաղաքապետարանի մշակույթի բաժնի պաշտոնաթող պետ Արտուշ Մկրտչյանին։ Սակայն մինչ ասուլիսը քաղաքապետը հանդիպել էր անձնակազմի հետ, լսել նրանց առաջարկը ու խոստացել էր բավարարել պահանջը։ Այսինքն՝ այսօր լրագրողներս բողոքի փոխարեն լսեցինք տիկնիկայինի աշխատակիցների գոհունակությունը ու շնորհակալական խոսքերը՝ ուղղված քաղաքապետին։

Բանախոսները նշեցին, որ զարգացումները լրիվ այլ կերպ դասավորվեցին։ Նրանք սոցցանցերից են տեղեկացրել, որ Մկրտչյան Արտուշին ուզում են նշանակել տիկնիկային թատրոնի տնօրեն և զայրացել են, քանի որ վերջինս, թատրոնի աշխատակիցների բնութագրմամբ՝ թատրոնի մարդ չէ։ Երեկ ամբողջ կոլեկտիվով դիմում են ներկայացրել քաղաքապետին՝ առաջակելով հանդիպել, տեսնել իրենց թեկնածուին ու քննարկել նրա ծրագիրը։ Քաղաքապետը պատրաստակամությունն է հայտնել։ Սամվել Բալասանյանը Արտուշ Մկրտչյանին տիկնիկային թատրոնի տնօրեն նշանակելու իր մտադրությունը բացատրել է նրա՝ ծրագրեր գրելու ու գրանտներ շահելու կարողությամբ։

Տիկնիկային թատրոնի 27 տարվա դերասանուհի Ալինա Հունանյանը նշեց, որ քաղաքապետի ընդունելությունը եղել է ջերմ, ոգեշնչող։ «Հենց այդ հանդիպման շնորհիվ մենք այսօր բոլորս բարձր տրամադրություն ունենք»,- ասաց Ալինա Հունանյանը։

Նա ասաց, որ իրենց տնօրենը թոշակի էր անցնում, որոշ ժամանակ առաջ դիմում էր ներկայացրել աշխատանքից դուրս գալու, կոլեկտիվն էլ մտահոգված էր այդ հարցով և ուզում էր, որ տնօրեն ընտրվի այսպես ասած ներսի մարդ։ Ըստ բանախոսի, տիկնիկային արվեստը շատ բարդ է ու թատրոնին զարգացման ճիշտ ճանապարհով պետք է տանել։

«Մենք ուզեցինք քաղաքապետին ներկայացնել մեր թեկնածուին։ Անձի դեմ ոչինչ չունենք, անձնավորել պետք չէ, թե անձը լավը չէր, չուզեցինք, չկա նման բան։ Մենք ուղղակի ուզեցինք Արմինե Մանուկյանը լինի մեր տնօրենը, տաս տարուց ավել աշխատում ենք նրա հետ, նա բեմադրող ռեժիսոր է մեր թատրոնում, ունի բազում ներկայացումներ, մենք գիտենք իր աշխատելաոճը։ Պարզապես մենք ուզեցինք, որ տիկնիկային արվեստին խիստ մոտ, խիստ ծանոթ անձնավորություն լինի տնօրենը»,- ասաց Ալինա Հունանյանը։

Նա ասաց, որ պարոն Բալասանյանը սիրով ընդունել է իրենց առաջարկը, ողջունել է։

Հարցին՝ իսկ պարոն Բալասանյանը նախքան իրենց առաջարկը, ինչո՞ւ հաշվի չէր նստում ձեր կարծիքի հետ և եթե չբողոքեիք, արդյոք կհամաձայնե՞ր ավագանու նիստի օրակարգ մտցնել ձեր թեկնածուի անուն-ազգանունը, աշխատակիցներն ասացին․ «Գուցե և չբողոքեինք, մեզ չլսեին, բայց ամբողջ կոլեկտիվն է դեմ, որ դրսից անձ լինի, կարևորը անձը չէ, նա, ով չգիտի տիկնիկային արվեստը ներսից, խոհանոցից, դժվար կլինի։Ցանկալի է լինի ներսի մարդ, որն ամեն ինչից է տեղյակ»։

Aravot.am-ի դիտարկմանը, թե իրավիճա՞կ է փոխվել, ձեր կարծիքի հետ հաշվի են նստում, Արմինե Մանուկյանն ասաց․ «Գյումրիում հեղափոխությունը ոնց որ հիմք դրեց տիկնիկային թատրոնը, մինչ այդ չէի զգում, որ հեղափոխությունը հասել է մարզեր, հատկապես Գյումրի քաղաք»։

Նշենք, որ Գյումրու տիկնիկային թատրոնը առաջին պետական տիկնիկային թատրոնն է Կովկասում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930