Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնու ծեծը սիրո հետ չշփոթեք. 2 օրից ոստիկանները ընտանեկան բռնության համար միջամտելու են

Հունիս 28,2018 17:08

Ընտանեկան բռնության մասին օրենքն ընդունվեց այս տարվա հունվարի 31-ին, օրեր անց ոստիկանությունը կսկսի կիրառել այն, օրենքը կմտնի ուժի մեջ: Այսօր հրավիրած ասուլիսում ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասաց, որ մասնագիտացված ստորաբաժանման բոլոր ոստիկանները վերապատրաստման դասընթացներ են անցել:

Նելլի Դուրյանի խոսքով՝ ընտանիքում, երբ ահազանգ է լինում բռնության վերաբերյալ, դեպքի վայր ժամանելուց շատ կարեւոր է կնոջ ներկայությունը, ուստի շատ կին ոստիկաններ են ներգրավել:

Մեր հարցին՝ երբ օրենքը քննարկվում էր ԱԺ-ում, հայկական մենթալիտետը հաշվի առնելով՝ մտավախություն կար, որ ոստիկաններին թույլ չեն տա խառնվել իրենց ներընտանեկան հարաբերությունների մեջ, այս պահին այդ մտավախությունները ինքանո՞վ են փարատվել՝ Նելլի Դուրյանը պատասխանեց. «Տարբեր երկրներում այս խնդրով զբաղվում է ոստիկանությունը: Մտավախությունը փարատեմ՝ մեր կողքին պետք է լինեն սոցիալական աջակցության կենտրոնները, որոնք նախատեսված են օրենքով: Կենտրոնները սկսելու են գործել 2019-ի հունվարից: Մինչ այդ համագործակցելու ենք սոցիալական աշխատողների, հոգեբանների հետ, առողջապահական հիմնարկների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Ոստիկանությունը միայնակ քայլեր չի ձեռնարկելու»:

3 պաշտպանական միջոց կա՝ նախազգուշացումն է, անհետաձգելի միջամտությունը եւ պաշտպանական որոշումը: Վերջինը դատարանի միջոցով է իրականացվում, առաջին երկուսը՝ ոստիկանի:

Նելլի Դուրյանն ասաց, որ բացի ֆիզիկական բռնությունից, սեռական ոտնձգության դեպքեր են գրանցվում: 2018-ի 5 ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը՝ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 842 բռնության դեպք, որից 41-ը՝ սեռական անձեռնմխելիության, 241-ը՝ ընտանեկան բռնության դեպք: Այսինքն, ընտանեկան բռնության դեպքերի թիվը այս տարի նվազել է. «Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 164 դեպք ենք ունեցել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 1 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 10 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել»,- մանրամասնեց տիկին Դուրյանը:

Aravot.am-ի հարցին՝ բոլորս էլ գիտենք, որ ընտանեկան բռնությունն ունի լատենտայնություն, հատկապես մարզերում կանայք գտնում են, որ եթե ամուսինն իրենց ծեծում է, ուրեմն սիրում է, ի՞նչ աշխատանք է տարվում, որ դիմեն ոստիկանությանը եւ ծեծը սիրո հետ չշփոթեն՝ Նելլի Դուրյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա Հայաստանն առանձնացնել, դա ամբողջ աշխարհում է: Տուժողների հիմնական մասը կանայք են, նրանք բավականին դժվարությամբ են գալիս ոստիկանություն եւ հայտնում բռնության մասին: Ոչ միայն ոստիկանություն, ազգականներին, հարեւաններին են նույնիսկ դժվարությամբ պատմում: Այն երկրներում, որտեղ այս օրենքը գործում է տասնյակ տարիներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10-րդ դեպքի ժամանակ է միայն, որ կինը գալիս է ոստիկանություն եւ հայտնում բռնության մասին»:

Նելլի Դուրյանն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքներ է իրականացրել բնակչության շրջանում, որ իրազեկ լինեն եւ դիմեն. «Օրենքը միտված է կանխարգելելու բռնությունը, չառանձնացնենք՝ կին, ծեր, երեխա, տղամարդ: Մենք այս տարի ընտանիքում սպանված կին ունենք՝ երկու դեպք: Եթե այս դեպքերը շարունակական բնույթ են կրում, եթե ժամանակին ահազանգ է լինում, ոստիկանությունը օրենքի շրջանակներում արդեն կարող է կիրառել անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցները՝ հեռացնել բռնարարին, առգրավել զենքը, 5 ձեւ ունենք, կարող ենք օգնել»:

Նելլի Դուրյանը հիշեցրեց կացնահարված Մանսուրյանների գործը, որը հիմա Շենգավիթի դատարանում է: Ըստ նրա, նախկինում ոստիկանությունը չի ունեցել այս «գործիքները», պարզապես նախազգուշացնում էր, ստորագրություն վերցնում, կազմում պրոֆիլակտիկ քարտ՝ անհաշտ ընտանիքի վերաբերյալ, հաշվառման մեջ էր պահում մեկ տարի, ամիսը մեկ անգամ հանդիպում էր, ասում էր՝ քեզ լավ պահիր: Իսկ այսօր տրված է ոստիկաններին լիազորություն՝ գնահատելու իրավիճակը եւ համաչափ գործողություններ կիրառել: Տիկին Դուրյանը վստահեցրեց, որ սա չի նշանակում, թե ոստիկանները սկսելու են աջ ու ձախ պատժել, պարզապես ամեն ինչ պիտի անեն՝ կանխարգելելու, ընտանիքում համերաշխություն ապահովելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930