Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. դիմել ենք ՀՀ վարչապետին, որ նախարարություններից կազմվի մի կոմիտե կամ խումբ, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով

Հունիս 28,2018 16:35

Հունիսի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կմեկնարկի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը B2B լավագույն հարթակն է, որը միավորում է տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների, բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, -«Վերջերս կայացած ԱՏՁՄ 18-րդ համագումարի ժամանակ ներկայացրել ենք Միության տեսլականը` ուղղված Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի նախարարություններից կազմվի մի կոմիտե կամ խումբ, որը կզբաղվի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիայով: Այս տարի հենց այս գաղափարի շուրջ էլ կառուցել ենք ֆորումի օրակարգը: Երկրի կոմպլեքս մոդեռնիզացյիայի համար անհրաժեշտ կոմպոնենտների (կրթություն, ռազմարդյունաբերություն, էլ. կառավարում, կիբեռանվտանգություն և այլն) շուրջ մասնագիտական քննարկումներ կանցկացվեն և արդյունքներն ու մոտեցումները կներկայացնենք երկրի ղեկավարությանը»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, – «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Կառավարության ծրագրի մեջ առանցքային հենասյուն է հանդիսանում: Այն տնտեսության և գիտելիքահեն ու բարձր արժեք ստեղծող պետության հենասյունն է: Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենանք, հասկանանք՝ թե ինչ կառուցվածքային լուծումներ կան ոլորտում և ապա տեղափոխվենք արդեն տեխնիկական մակարդակ»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը հավելեց, որ վերջին չորս տարիներին անվտանգության ոլորտի մասնագետներն ու կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են ԴիջիԹեք բիզնես ֆորումին, որի շնորհիվ է նաև, որ տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջընթաց է նկատվում: Ֆորումի շրջանակում հիմնականում կխոսեն բիզնեսի և ինչու չէ նաև պետական կառույցների հետ համագործակցության մասին:

Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում կքննարկվեն պետական նշանակության խնդիրներն ու այլ ոլորտներում կիրառվող ՏՏ լուծումները, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR, որը վերջին շրջանում հույժ կարևորություն է ձեռք բերել: Ամբողջական օրակարգը՝ www.businessforum.am կայքում կամ այստեղ:
Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո:

Շուշանիկ Ներսեսյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930