Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու փոխմարզպետը դիմում է իրավապահ մարմիններին. «Մարզպետը չարաշահում է պաշտոնեական դիրքը»

Հունիս 28,2018 16:18

Այսօր Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ փոխմարզպետը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ մարզպետը տեղակալների միջեւ ոլորտների բաշխում է իրականացրել: Ղուկասյանն այն կարծիքին է, որ բաժանումն անարդար է եղել. «Ինձ հատկացվել է հողօգտագործում եւ հողաշինություն բաժինը, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հետ կապերի բաժինը եւ Տաշիրի տարածաշրջանի հարկահավաքման հետ կապված խնդիրները: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ առողջապահության վարչությունն ինձ չի տրամադրվել, հղում եղավ օրենքին, որ օրենքով դա մարզպետն է որոշում: Ես ասացի, որր տրամաբանական չէ, ունենալով մասնագիտությամբ բժիշկ տեղակալ, եւ առողջապահության ոլորտը թողնել այդպես: Նշեմ նաեւ, որ ինձ եւ պարոն Խաչատրյանին ընդհանուր բաժինների ծավալի մեջ տրամադրվել է ընդամենը 10 տոկոսը»,- ասաց փոխմարզպետն ու հավելեց, որ թեեւ իր անմիջական հսկողության տակ նշված բաժիններն են, միեւնույն է՝ մյուս բաժիններում խնդիրներ նկատելու դեպքում ինքը բարձրաձայնելու է:

Ղուկասյանն անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ իր եւ մարզպետի միջեւ առկա է լարված մթնոլորտ: Նրա խոսքով՝ այդ ամենը անձնական բնույթ չի կրում, դրանք գործնական ֆոնի վրա են:

Ասուլիսի ընթացքում փոխմարզպետը ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանին մեղադրեց նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. «Մարզպետը, պարոն Լամբարյանի հետ միասին, այցելել է բուժհիմնարկներ, խոսքը հատկապես Սպիտակի բժշկական կենտրոնի մասին է: Այնտեղ տնօրենի եւ բժիշկների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որից հետո տնօրենին խնդրել են դուրս գալ եւ առանձնազրույց են ունեցել բժիշկների հետ: Կան տվյալներ, որ այսպես ասա՝ փորձել են ճնշել տնօրենին: Նպատակն այն է եղել, որ տնօրենը հրաժարականի դիմում ներկայացնի եւ տեղը նշանակվի ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսան»:

Փոխմարզպետն իրավապահներին կոչ է անում զբաղվել վերը նշված խնդրով, ասելով, որ այդտեղ առկա է պաշտոնեական դիրքի չարաշահում: Ղուկասյանն ասաց, որ նմանօրինակ շշուկներ կան նաեւ մյուս բուժհիմնարկների հետ կապված. «Էլի կոնկրետ մարդկանց անուններ են տրվում, թե ում համար են այդ ճնշումներն արվում, որպեսզի փոխեն մեկը մյուսով»:

Ղուկասյանն ասում է, որ նման ճնշումներ կան նաեւ հանրակրթական դպրոցներում. «Նույն ձեւով հրավիրվում են խորհրդակցություններ, հետո լրատվամիջոցներին դուրս են հրավիրում, հետո գաղտնի բան են զրուցում, դա իմ դուրը չի գալիս, դա անընդունելի է: Դպրոցի տնօրեններն այն մարդիկ չեն, որոնց հետ քննարկում են պետական գաղտնիք ներկայացնող թեմաներ, կամ իրավապահներ չեն, որոնց հետ օպերատիվ տվյալների մասին զրուցեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930