Հունիսի 28-ին մեկնարկել է Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովը։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ եռօրյա գիտաժողովի ընթացքում կհնչեն 70 զեկույցներ հայագիտական թեմաներով։ Մասնակցում են 7 երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) գիտնականներ։
Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքով՝ գիտաժողովը լավ առիթ է եւս մեկ անգամ հիշելու Լեւոն Խաչիկյանի վաստակը, նրա մեծ ներդրումը եւ մաշտոցյան Մատենադարան երեւույթն ընդհանրապես, քանի որ Մատենադարանի ստեղծման գաղափարը հենց նրանն էր։ Մատենադարանն իրականություն դարձավ 1959 թվականին։ Վահան Տեր-Ղեւոնդյանը շեշտեց նաեւ Լեւոն Խաչիկյանի մեծ ներդրումը հայագիտության մեջ՝ որպես աղբյուրագետ, ձեռագրագետ եւ պատմաբան։ Տնօրենը հատկապես առանձնացրեց այն փաստը, որ Մատենադարանը ստեղծվել է խորհրդային տարիներին, ուստի Լեւոն Խաչիկյանից մեծ խիզախություն է պահանջվել հիմնադրել մի կառույց, որտեղ պահպանվող ձեռագրերը հիմնականում կրոնական, հոգեւոր բովանդակություն ունեն։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարեւորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ երիտասարդությանը, երիտասարդ գիտնականներին պետք է ցույց տանք, թե ինչպիսի մասնագետներ ենք ունեցել։ «Լեւոն Խաչիկյանը մեծ ներդրում է ունեցել հայագիտության բնագավառում։ Եղել է մի մարդ, որ թույլ է տվել մեզ նորովի նայել մեր պատմությանը։ Այն աղբյուրները, որոնք նա բացահայտել է, ճշգրիտ տեղեկությունները, որ մեզ տրամադրել է, թույլ են տալիս եզրակացություններ անել մեր միջնադարյան պատմության մասին։ Մատենադարանի ստեղծումը կապվում է Լեւոն Խաչիկյանի հետ, իսկ Մատենադարանով մենք հպարտանում ենք, աշխարհի շատ գիտնականներ նույնիսկ իրենց պատմության հետ առերեսվում են Մատենադարանի միջոցով»,- ասաց կրթության եւ գիտության նախարարը։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին։ Ներկաներին փոխանցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգեին Բ Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը։
Գիտաժողովի բացման արարողությունից հետո կայացավ Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը։
Նշենք, որ գիտաժողովը կյանքի է կոչվել «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությանը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Գիտաժողովը կազմակերպվել է նաեւ Մատենադարանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն