Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի յոթերորդ նստաշրջանն ավարտվեց միջադեպով. հնչեցին փոխադարձ հայհոյանքներ

Հունիս 28,2018 15:55

Այսօր Արցախի խորհրդարանում տեղի ունեցավ յոթերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը իր խոսքը սկսեց շնորհավորական ուղերձով` Մարտակերտի ազատագրման 25-ամյակի առթիվ շնորհավորելով ներկաներին: «Ուզում եմ նաև մեր երախտագիտության խոսքն ասել Մարտակերտը ազատագրողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախում, Հայաստանում և Սփյուռքում օժանդակել են այդ մեծ գործին»,-մասնավորապես նշեց նա:

Նիստի օրակարգում ընդգրկված էր չորս հարց, որոնցից երկուսը` դրված էր երկրորդ ընթերցման:

«Հավաքների ազատության մասին» և դրան կից 17 նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 25 կողմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև Արցախի 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նորանշանակ նախարարը:

Նախատեսված ընթացակարգով` բյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցությունների ղեկավարները հանդես եկան իրենց տեսակետներով: Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը իր ելույթում ասաց, որ բյուջեի կատարողականների վերաբերյալ իր կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել. «Ոչ հանրությունը, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինն` Ազգային ժողովը պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Ես պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման:

Բակո Սահակյանի վերաբերյալ էլ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի և կոռուպցիոն երևույթների վերացումը հնարավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում»,- իր ելույթում ասաց Հ. Խանումյանը:

Հ. Խանումյանի ելույթին շատ բուռն արձագանքեց «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը, տեղից սաստելով, Ազգային ժողովի ամբիոնը չօգտագործել ցույց իրականացնելու նպատակով, որից հետո առաջացավ թեժ վեճ և հնչեցին փոխադարձ հայհոյանքներ:

Արդյունքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երկու պատգամավորներին զրկեց ձայնի իրավունքից և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի առաջարկով որոշում ընդունվեց ստեղծել էթիկայի հանձնաժողով` քննելու միջադեպի մանրամասները:

Տեղի ունեցած միջադեպից հետո 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատվեց խորհրդարանի կողմից` 25 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Հ. Գ. Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցությունը կատարվածի մասին հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթից հետո ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը մեղադրել է Խանումյանին ԱԺ ամբիոնը «միտինգի ամբիոնի» վերածելու մեջ և նրան սեռական բնույթի հայհոյանքներ հղել: Հայկ Խանումյանը նույն բառերով պատասխանել է Ժաննա Գալստյանին: Նիստի ավարտին Ազգային ժողովը ստեղծել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ միջադեպը քննելու համար:

https://www.facebook.com/hayk.khanumyan/videos/vb.1542327581/10215937308855897/?type=2&video_source=user_video_tab

Հայկ Խանումյանի ելույթը՝ ստորև.

«Բյուջեի կատարողականների վերաբերյալ իմ կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել: Անցյալ կատարողականների վերաբերյալ իմ ելույթներում ես նշել եմ, որ ոչ հանրությունն ընդհանրապես, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ և ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց և դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար:

Բակո Սահակյանի վերաբերյալ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի: Նշեմ միայն, որ նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ և ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի և գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը:

Ես ողջունում եմ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և նրա գործելակերպը, կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հնարավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում:

Ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930