Այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու հարցին, կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձին ձերբակալում են բավարար հիմքեր ունենալու դեպքում:
Ըստ ոստիկանապետի, կան բացատրություններ ու ցուցմունքներ, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները. «Այդպես է եղել, ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որով մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխումն իրականացնել»,- ասաց ոստիկանապետը:
Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի կասկածանքով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ