ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այսօր, կառավարության նիստից հետո, պատասխանելով 11 սուպերմարկետներին Ա/Ձ-ների միջոցով գործելու թույլտվություն տալու հարցին՝ ասաց, որ որեւէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման առումով պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նրա խոսքով, իրենք չեն իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ տարածքում գործել են 2 եւ ավելի կազմակերպությունների կողմից:
Պարոն Մաշադյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նախկին ՊԵԿ ղեկավարի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի գիտությամբ ու թողտվությա՞մբ է դա եղել: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ նախաքննական գաղտնիքներ չի կարող հրապարակել: Նա նաեւ չասաց, թե ԱԱԾ-ում ինչի մասին է ցուցմունք տվել:
Ինչ վերաբերում է «Աստղիկ» բուժկենտրոնին, պարոն Մաշադյանն ասաց, որ՝ այո, խնդիրներ կան, որ թերհայտարարագրում են իրական աշխատավարձի մեծությունը, եւ այդ մասով նաեւ ՊԵԿ-ը այս ոլորտում է աշխատանքներ իրականացնում. «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ՊԵԿ է ներկայացվել ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամի լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»։
Ռաֆիկ Մաշադյանի տվյալներով՝ 2018-ի 1-ին 5 ամիսներին առևտրային հարկ վճարողների մասով կա շուրջ 8 հազար դրամի չափով միջին աշխատավարձի բարձրացում. «Ինչու եմ ասում՝ առեւտրային հարկ, որովհետեւ սրանք այն կազմակերպություններն են, ովքեր շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների մասով ՊԵԿ-ը աշխատավարձերի բարձրացման մասով անելիքներ չունի, որովհետեւ դրանք պետական կազմակերպություններ են՝ նախարարություններ, կոմիտեներ, որոնք կատարում են իրենց հարկային գործակալի պարտավորությունները եւ եկամտային հարկը վճարում են բյուջե»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ