Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզվաբան. «Լեզվի տեսչության անվանափոխությունը հետընթաց էր»

Հունիս 28,2018 14:49

Լեզվաբան Հովհաննես Զաքարյանը հունիսի 28-ին, «Մեդիա» կենտրոնում կայացած «Լեզվի պետական տեսչությունից՝ լեզվի կոմիտե. ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ հիշեցրեց, որ Լեզվի պետական տեսչությունը ստեղծվել է կառավարության որոշմամբ, բայց համաձայն Լեզվի մասին օրենքի կիրարկման կարգի:

Նրա խոսքով, տեսչության անունը օրենքից էր բխում, եւ այն, որ հիմա փոխել են կոմիտեի, դա հակասում է օրենքին: «Կիրարկման կարգով տեսչությանը տրված էին տեսչական լիազորություններ»,-փաստեց պարոն Զաքարյանը: «Ի՞նչ իմաստ ունի անվանափոխությունը, եթե պետք է պահվեն նույն գործառույթները»,-տարակուսանք հայտնեց նա: Պարոն Զաքարյանի համոզմամբ, անվանափոխությունը հետընթաց է, բացի այդ. «Կարծրատիպեր կան, որ կոմիտեները խորհրդային կառավարման համակարգին էին բնորոշ, բառն էլ ֆրանսերեն է, հայերեն չէ»:

Լավրենտի Միրզոյանը, որ նախկինում ղեկավարել է Լեզվի տեսչությունը, նշեց. «Իշխանությունները երես էին թեքել լեզվի տեսչությունից եւ լավ է, որ հիմա հնարավորություն են ստեղծել տալ պայմաններ, որպեսզի լեզվի տեսչությունը գործի որպես կոմիտե: Անկեղծ պետք է ասեմ սակայն, որ այս կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ է, քան Լեզվի պետական տեսչությունը: Այն չի ունենալու պետական լծակներ, աշխատակազմ, բաժիններ, մամուլի քարտուղար, տեսչական ստուգումների իրավունք…»: Նրա խոսքով, հստակեցված չեն նաեւ կոմիտեի գործառույթները:

Բանախոսներից Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ 2002 թ. Լեզվի պետական տեսչությունը դադարեցրեց իր ինքնուրույն գործունեությունը եւ մտավ ԿԳ նախարարության կազմի մեջ` որպես առանձնացված ստորաբաժանում, սակայն լուրջ բարդություններ չեղան դրա արդյունքում: Լեւոն Գալստյանը նշեց, որ այդ տարիներին բավականին աշխատանք է տարվել, այդ թվում` նաեւ աշխատանք բոլոր պետական հաստատությունների ու մամուլի հետ: «Մամուլում տպագրվող, եթերում հնչող բոլոր խախտումներին այս մարմինը պետք է արձագանքի: Դա միշտ եղել է եւ շարունակվելու է»,-ասաց պարոն Գալստյանը:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ դեռեւս երկու տարի առաջ առաջարկել էին լրագրողների համար լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել, այժմ էլ որոշել են սերիալների լեզվի վրա ազդել, հրավիրելու են ստեղծագործական խմբերին լեզվի ինստիտուտ` խորհրդատվություն տրամադրելու: «Ուզում ենք նրանց համար օրինակ բերել «Տերն ու ծառայի», «01-99»-ի, «Ոսկե հորթի» լեզուն, թե ինչպես են գրական գեղեցիկ հայերենով խոսում եւ դու չես համարում, որ այդ լեզուն անմիջական չէ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930