Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ կարևորվել է չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը

Հունիս 28,2018 14:45

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաև չորանոցներում և սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը և որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաև ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Առանձնահատուկ կարևորվել է նոր սորտերի ստեղծման և չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նույնպես կարևորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը և նշել, որ այս խնդիրը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:

Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները և կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930