Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մենք կօգնենք ձեզ, որ բուժեք մեզ»

Հունիս 28,2018 14:41

Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանի խմբագրությամբ հրատարակվել է «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը: Հանդեսի առաջին համարի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին հանդեսի նպատակները, խմբագրակազմը, հոդվածին ներկայացվող գիտական պահանջները և հեռանկարները: «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի և համանուն գիտական հոդվածների ժողովածուների տրամաբանական շարունակությունն է:

«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Հրանտ Ավանեսյանը, նախ պատմեց հանդեսի ստեղծման նախապատմությունը. «Այն սկսվել է 10 տարի առաջ, երբ մենք որոշեցինք ԵՊՀ-ում կազմակերպել միջազգային գիտաժողով: Առաջին գիտաժողովի ժամանակ որոշեցինք երկու տարին մեկ անցկացնել գիտաժողով, չծանրաբեռնելով ինքներս մեզ և արտասահմանյան մեր գործընկերներին: Յուրաքանչյուր գիտաժողովից հետո ժողովածուներ էինք տպագրում և տարեց տարի դրանք ավելի ծավալուն էին դառնում, քանի որ մասնակիցները շատանում էին: 2017 թվականին որոշվեց գիտական հանդես տպագրել, իսկ խմբագրակազմի անդամներ դարձան այս տարիների ընթացքում գիտաժողովների կազմակերպման գործում ակտիվ գործունեություն ծավալած անձինք»:

Հրանտ Ավանեսյանը նշեց, որ հանդեսը ծառայելու է երիտասարդ սերնդին, ովքեր ճանապարհ ունեն անցնելու հոգեբանության ոլորտում: Վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, ով գիտական հանդեսի առաջին և երկրորդ համարների հովանավորն է:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով հասարակության կողմից կա որակյալ գիտելիք ստանալու պահանջարկ, մարդիկ ավարտում են ինչ-որ հաստատություններ, վկայականներ են ստանում, սակայն ոչ բոլորն են պատրաստի մասնագետներ: Արմեն Մարտիրոսյանը երկու առաջարկությամբ հանդես եկավ. «Չգիտեմ հանդեսի էլեկտրոնային տարբերակը Ձեր կայքում կա թե ոչ, սակայն ես առաջարկում եմ նաև մեկ այլ հարթակում լինի, որը հնարավորություն կտա, որ ավելի շատ մարդիկ ծանոթանան այնտեղ զետեղված նյութերին: Առաջարկում եմ ստեղծել նաև երկրորդ հարթակ, որտեղ Ձեր գիտական լեզվից կանցնեք ժողովրդին հասանելի լեզվի, որտեղ նյութերն ավելի մատչելի կլինեն ընթերցողին, որպեսզի մենք օգնենք Ձեզ բուժել մեզ»:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը, ով նշեց, որ նման ամսագիրը շատ սպասված էր. «Բավական մեծ աշխատանք է տարվել: Առավել ևս սա շատ պետք է երիտասարդներին: Հետագայում շատ կցանկանայի տեսնել տեսական և գործնական աշխատանքներ, քանի որ անցել են ժամանակները, երբ մենք խոսում էինք միայն տեսական հոգեբանության մասին»:

 

ՍԵԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930