Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ն ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար. Նիկոլ Փաշինյան

Հունիս 28,2018 14:38

Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայման-ների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցանկում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն: Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթին՝ նշել է, որ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես՝ ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կառավարությունը կարծում է, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս հարցը պետք է դիտարկել շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակներում: «Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել: Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն ռեալ հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծին: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է և ներկայում շրջանառվում է կառավարությունում, որով տրվել է Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությանը նմանատիպ, առավել համապարփակ, կարգավորում: Առաջիկայում նշված նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Ազգային Ժողով: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակներին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ իրենց օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Կառավարության կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:

Գործադրի որոշմամբ հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում ՀՀ 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները: Նախագծի նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև տարեցների տուն-ինտերնատում բնակվող տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Նախագծով նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին, նվիրաբերել ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությանը՝ որպես պետության կողմից ներդրված համաֆինանսավորում, ինչպես նաև գույք ամրացնել տուն-ինտերնատին։

Այլ որոշումներ

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել 2018 թվականի մարտի 6-ի համապատասխան որոշումը և փոփոխություն կատարել 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման մեջ: Այսպիսով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու զարմանում: Այսինքն, այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին: Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են: Խնդիրն այն է, երբ կա գործիք և մարդը չգիտի այդ գործիքն ինչպես պետք է օգտագործի, այդ գործիքն իր դե՞մ է, թե՞ իր օգտին: Սա ընդամենը հանրային իրազեկման խնդիր է: Հետևաբար, եթե մոռանանք թեմայի մասին և կրկին հիշենք հաջորդ տարվա հունիսի 30-ին՝ նույն խնդրի առաջ ենք կանգնելու և նորից ասելու ենք եկեք մի տարի էլ հետաձգենք: Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց համոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ և ոչ թե ընդդեմ իրենց»:

Գործադիրը հավանություն է տվել 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930