Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն պարզապես փլուզվում է, ՀՀԿ փոխնախագահը կորած է… սա նշանակում է ՀՀԿ-ի փլուզման, կործանման պրոցես». Աղասի Ենոքյան

Հունիս 28,2018 14:11

Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը, խոսելով ներքաղաքական կանքի մասին՝ ասաց. «ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, չափազանց բարձր լեգիտիմություն ունեցող ուժ եկել է Հայաստան: Մենք տեսանք, որ ՀՀ-ում գործող օրենքները անորակ են, հնարավորություն չեն տալիս ժողովրդի կամարտահայտությանը տալ լեգալ, իրավական ձեւ: Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում անցկացվեն ընտրություններ: Հիմա մենք գտնվում ենք այդ փուլում, որ լեգիտիմությունը պետք է վերածվի լեգալության՝ ընտրությունների միջոցով»:

Ըստ քաղաքագետի, ՀՀ Սահմանադրությունն այնպիսին է, որ մենք չենք կարող առանձին գործիչների միջոցով կերտել կառավարման ինստիտուտները, անհրաժեշտ է կուսակցություն, մինչդեռ ակնհայտորեն տեսնում ենք, որ կուսակցությունների ինստիտուտը ՀՀ-ում ձեւավորված չի, ամենահզոր կուսակցությունը ՀՀ-ում, որ կար՝ ՀՀԿ-ն, պարզվեց, որ ոչ թե քաղաքական միավոր էր, այլ՝ կրիմինալ միավոր. «Բնականաբար, խնդիր է դրվելու քաղաքականությունը կրիմինալից մաքրելու, այսինքն՝ ՀՀԿ-ն մինչեւ ընտրությունները բավականաչափ կթուլանա: Ու այն տեսակետը, թե ՀՀԿ-ն ուզում է հնարավորինս ձգել իր ներկայությունը ԱԺ-ում, կարծում եմ, սխալ է, որովհետեւ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն պարզապես փլուզվում է: Երեկ էլ պարզվեց, որ ՀՀԿ փոխնախագահը հրաժարական է տվել առաջին փոխնախագահի պաշտոնից, կամ չի տվել, կամ որտեղ է նա՝ կորած է: Սա նշանակում է ՀՀԿ-ի փլուզման, կործանման պրոցես: ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ ինչքան ուշ լինեն ընտրությունները, այնքան նրանք ավելի վատ արդյունքներ կգրանցեն»:

Աղասի Ենոքյանը չի բացառում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, բայց դա բացարձակ ուրիշ ՀՀԿ կլինի, ուրիշ ռեսուրսներով, միգուցե գաղափարական մոտեցումներ հանդես բերի, այսպես ասած նժդեհականությունը, որի մասին այսքան երկար խոսում էին եւ որն ի վերջո վերածվեց զուտ գողության, հանրապետության թալանի, միգուցե հիմա կփորձեն ինչ-որ գաղափարական մոտեցումներ հանդես բերել:

Քաղաքագետը չի բացառում նաեւ, որ Կարեն Կարապետյանը ընտրություններին հանդես գա նոր՝ պրոռուսական ուժով:

Ըստ Աղասի Ենոքյանի, հիմա ունենք հակասահմանադրական իրավիճակ, փոքրամասնության իշխանություն չի կարող լինել, Սահմանադրությունը գրելիս ինչ-որ գրքեր են կարդացել, Վենետիկի հանձնաժողովների հետ են աշխատել ու նայել առաստաղին, չեն նայել իրական պատկերին, դրա համար Սահմանադրությունը մի քանի միտինգից հետո պրակտիկայում չաշխատեց. «Այս ամեն ինչից հետո անհրաժեշտ է Սահմանադրության եւս մեկ փոփոխություն, որ ավելի բնականոն լինի, համապատասխանի մեր հանրային կյանքին»:

ԱԱԾ-ի ձերբակալությունները, ըստ Աղասի Ենոքյանի, բնական պրոցես է, բոլորս գիտեինք, որ եղել են հանցագործություններ եւ իշխանության խնդիրն է օր առաջ դրանք բացահայտելը. «Սա լուծում է նաեւ նախընտրական շրջանի երկու կարեւոր խնդիր, մեկը՝ դեկապիտալիզացիան է, որ կրիմինալ ուժերը չունենան ֆինանսներ, որպեսզի կրկին ընտրությունների ժամանակ կրիմինալ ֆինանսներն օգտագործեն ու ստանան ընտրական այն պատկեը, որ իրենք են ցանկանում՝ ձայներ գնելով, հանձնաժողովի անդամներ գնելով: Երկրորդը՝ սա ցույց է տալիս նոր իշխանությունների լուրջ անտիկրիմինալ դեմքը, ինչը ժողովրդի համար հաճելի է, իշխանությունը դրանով ռեյտինգ է հավաքում: Շատերին թվում էր, նաեւ ՀՀԿ-ականներն էին այդպես մտածում, որ նոր իշխանությունների ռեյտինգը կընկնի, որովհետեւ մտածում էին, որ նրանք չեն կարողանա անհրաժեշտ քայլերն անել, բայց, իհարկե, ռեյտինգը գնալով ավելի ու ավելի է բարձրանում: Ընտրությունների հետաձգումը դեռեւս չի խփում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին»:

Հարցին՝ տնտեսական լուրջ ռեֆորմներ չկարողանալով անել՝ փորձում են այդպե՞ս պահպանել իրենց ռեյտինգը՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ տնտեսական բնագավառում էլ կանեն ռեֆորմներ, պարզապես հիմա չեն հասցնում, քիչ ժամանակ է անցել՝ 1,5 ամիս է. «Ասվել է, որ պետք է մոնոպոլիաները ջարդեն, գնան այս օլիգարխիկ համակարգի վերացմանը: Իհարկե, տնտեսության համար դրանք անհրաժեշտ կարեւորագույն խնդիրներն են»:

Մեր հարցին՝ դուք խտրական մոտեցում չե՞ք տեսնում այդ քայլերի մեջ, երբ ասում են, որ պայքարելու են օլիգարխիայի դեմ, մյուս կողմից էլ իրենք քայլում են օլիգարխիայի ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի հետ՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Չգիտեմ, դրան խտրական մոտեցո՞ւմ ասենք, թե՞ ասենք քաղաքական հաշվարկ: Բայց, իհարկե, կարծում եմ, երբ գնում են օլիգարխների դեմ պայքարի, բոլորի դեմ հերթով կպայքարեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930