Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելույթներում ադրբեջանցիները կամ թուրքերը հնչեցրել են քաղաքական պահանջներ, մերոնք հակադարձել են». Աղասի Ենոքյան

Հունիս 28,2018 13:47

Հունիսի 27-ին Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը: Նախագահող երկիրը 6 ամիսը մեկ փոխվում է, Հայաստանը Ալբանիայից վերցրեց նախագահությունը, հիմա պետք է փոխանցի Ադրբեջանին:

Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը հանդիպման հետ կապված ասաց, որ սուղ ինֆորմացիա ունենք այս պահին: Հայտնի է, որ այստեղ էր եկել Ադրբեջանի փոխարտգործնախարարը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյա՝ արտգործնախարարից ցածր մակարդակի. «Մենք իմացանք, որ ելույթներում ադրբեջանցիները կամ թուրքերը հնչեցրել են քաղաքական ինչ-որ պահանջներ, որից հետո մերոնք հակադարձել են՝ ասելով, որ սա զուտ տնտեսական ֆորում է»:

Աղասի Ենոքյանն ասաց, որ այս կառույցը չափազանց կարեւոր է մեզ համար. «Այս կառույցը բավականին լայն ռեգիոնալ կառույց է եւ սրանով Հայաստանը մտցվում է սեւծովյան ռեգիոնի մեջ, մինչդեռ մենք սովոր ենք Հայաստանին նայել շատ ավելի նեղ՝ համարելով զուտ որպես Հարավային Կովկասի երկիր, իսկ այստեղ բավականին ընդլայնում կա եւ կան միասնական ծրագրեր: Շատ կարեւոր է նաեւ, որ այս կառույցի շնորհիվ մենք Թուրքիայում՝ Ստամբուլում ունենք պաշտոնական դիվանագիտական ներկայացուցիչ: Նախարարների խորհուրդը նրա բարձրագույն մարմինն է, սա նշանակում է, որ թեեւ մեր պաշտոնյաները պնդում են, որ տնտեսական կառույց է, բայց սա նաեւ քաղաքական կառույց է: Հայաստանը բազմիցս այս կառույցում բարձրացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման հարցը, որը ռեգիոնի տնտեսական ինտեգրացմանը խոչընդոտում է»:

Աղասի Ենոքյանն ասաց, որ շարքային հանդիպում է եղել, կարեւոր որոշումներ ընդունված դեռեւս հայտնի չեն. «Եթե ղեկավարությունը անցնի Ադրբեջանին, խոչընդոտներ չեն լինի, սա սովորական գործընթաց է, ինչ-որ արտառոց բան չկա սրա շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930