Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում երեկ սկսվեց քրեական հեղինակության Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով անդրանիկ նիստը։ Նիստը նախագահում էր դատավոր Վահե Խալաթյանը։
Նիստի ավարտից հետո ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում սույն գործով բազմաթիվ բացթողումներ են եղել, որի վերաբերյալ իրենք պատրաստել են միջնորդություններ եւ դատաքննության ընթացքում դրանք կներկայացվեն։
Մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած այս տեսանյութն ի սկզբանե եղել է քրեական գործի նյութերում. «Քրեական գործում տեսանյութը եղել է, սակայն պաշտպանական կողմին չի տրամադրվել, տեսանյութի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը քրեական գործից հանված են։ Բազմիցս դիմել ենք, քանի որ դրա վերաբերյալ որոշակի ապացույցներ կան գործում, սակայն մեզ համար տարակուսելի պատճառով տեսանյութը մեզ չի տրամադրվել, մենք հնարավորություն չենք ունեցել դրան ծանոթանալ»,- ասաց պաշտպանը։ Նա նշեց, որ հնարավորություն չեն ունեցել գործի նյութերին ծանոթանալու, եւ որ քննչական գործողությունները արվել են իշխանափոխությունից հետո։ Նաեւ ասաց, որ մեղադրյալների նկատմամբ ճնշումներ են եղել, որի վերաբերյալ ապացույցները գործում բազմաթիվ են. «Ճնշումները իրականացվել են ինչպես անմիջականորեն (խոսքը Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ ճնշում գործադրելու մասին է,-հեղ.), այնպես էլ միջնորդավորված»։
Մեր հարցին, թե նախաքննության ընթացքում Դոն Պիպոն, Զապը եւ Օշականցի Գեւորիկը հարցաքննվե՞լ են, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, սակայն մանրամասներ չհայտնեց։ Պաշտպանն ասաց, որ անհրաժեշտություն է եղել առերեսում կատարել իր պաշտպանյալի եւ Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի միջեւ, սակայն նախաքննական մարմինը դա չի արել։ Պաշտպանն ասաց նաեւ, որ իր կարծիքով սույն գործով տուժողների մասնակցությունը պարտադիր է. «Ինձ հետաքրքիր էր այն, որ դատարանը հետաքրքրվեց, թե ինչու տուժողը չի ներկայացել, հետաքրքիր է, թե Դոն Պիպոն ՔԿՀ-ից ինչպե՞ս պետք է կամովին ներկայանար, անգամ գրություն չէր ուղարկվել դատարանի կողմից, որպեսզի տուժողը ներկայանա դատական նիստին»։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում