Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյան. մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր չեն եղել, բայց նման դեպքեր եղել են հանրային հարթակներում. «Ժամանակ»

Հունիս 28,2018 12:27

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս օրերի ընթացքում տեղի ունեցած ձերբակալություններում մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր չեն եղել, բայց նման դեպքեր եղել են հանրային հարթակներում, հասարակության կողմից արված մեկնաբանություններում։ «Իրականում ես հայտարարությունների մեջ չեմ տեսել, բայց հանրային հարթակներում մեկնաբանություններում եմ տեսել։ Օրինակ՝ եղել են այսպիսի մեկնաբանություններ, որ Մանվել Գրիգորյանի կյանքը բանտում կվերածվի դժոխքի, այսպես կլինի, այնպես կլինի։ Դրանք մարդու իրավունքների կոպտագույն խախտում են իրապես։ Այդ ամեն ինչը պետք է որոշվի դատարանում, օրինակ, վճռով, ոչ թե կամայական գործողություններով։ Ես իհարկե հասկանում եմ, որ շատ բան զգայական դաշտում է, բայց այն ինչը հնչում է պետության ներկայացուցչի կողմից, շատ կարևոր է։ Պետք է մեղմվի այդ տրամադրությունները։ Պահանջարկը պատժելու շատ բարձր է։ Բնականաբար, այն հանցանքների դետեկտորը, որը հրապարակված է, շարժում է մարդկանց զգայական կողմը։ Բայց մյուս կողմից էլ հնարավոր չէր չկանխատեսել դա։ Տարիներ շարունակ անպատժելիության մթնոլորտը ծնել է նմանատիպ վենդետայի գնացող նշույլներ։ Եթե տարիներ շարունակ չի պատժվել և հենց բռնում են, հանրային պահանջը նրան պատժելու շատ բարձր է լինում»,- մանրամասնեց Զարուհի Հովհաննիսյանը և կարծիք հայտնելով, որ վարչապետը հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, որոշել է նման հայտարարություն-հորդոր անել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։

Իրավապաշտպանի խոսքերով՝ ինքը մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ որևէ խախտում չի նկատել այն մարդկանց մոտ, որոնց համար խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Եթե դատարանը քննի, որ այդ մարդիկ ունեն որոշակի հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, ունեն բժշկական խնդիրներ, որոնք չեն կատարվել, նոր կդիտարկենք որպես մարդու իրավունքների խախտումներ։ Մեր իրավապահ համակարգը բավական կոշտ է եղել քաղբանտարկյալների, կալանավորվածների հանդեպ։ Մենք բարձրաձայնել ենք բազմաթիվ առողջական խնդիրների մասին, որոնք լուծում չեն ստացել։ Այդ նախադեպերից խուսափելու համար, որքան էլ բարձր լինի նրանց պատժելու հանրային պահանջը, պետք է լինել շատ զգույշ և մարդու իրավունքների սկզբունքներին հավատարիմ»,- ընդգծեց Զ․ Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց Հաց բերողին, որի հիվանդություններն անհամատեղելի էին կալանքի հետ, բայց նրան երկու անգամ կալանավորեցին ու հասցրին մահվան․ «Դրա համար հանրությունը բավական կոշտ է արձագանքում նման հայտարարություններին ու ասում․«Կներեք, այն մարդը, որը բացարձակ որևէ հանցագործություն չէր գործել, չազատվեց ու մահացավ»։ Բայց մենք պետք է հիշենք, որ նախորդ համակարգը հանցագործ համակարգ էր, և մենք իրավունք չունենք այդ հանցագործության հիման վրա կամայական որոշումներ կայացնել, որովհետև մենք բռնել ենք իրավական պետություն ստեղծելու և կայացնելու ճանապարհը՝ անկախ նրանից, թե ով է ձերբակալված անձը ու ինչ չարագործություններ է արել»։

Քրիստինա Աղալարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930