Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բաղրամյան 26-ը պետք է լինի ՀՀ նախագահի նստավայրը, ինչպես որ միշտ եղել է եւ չնայած այն բանին, որ Սահմանադրության փոփոխությունից հետո երկրի առաջին դեմքը հանդիսանում է վարչապետը, այդուհանդերձ Բաղրամյան 26-ում պետք է լինի նախագահի նստավայրը:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նախագիծ ներկայացրեց կառավարության աշխատակազմի վայրը տեղակայելու մասին: Պարոն Զեյնալյանն ասաց, որ օրենքի պահանջով՝ կառավարությունը որոշում է կառավարության աշխատակազմի տեղակայման վայր սահմանել Բաղրամյան 26-ը եւ Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարության տուն 1-ը:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քանի որ այս հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ինքն ուզում է պարզաբանել այս հարցը: Նրա խոսքով տարօրինակ իրավիճակ ունենք, երբ որ վարչապետը կարող է երկու շենքում տեղակայված լինի եւ «ես ուզում եմ ասել, որ մենք չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել եւ այդ կապակցությամբ որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով,մոռացել ենք ինչն ենք քննադատել, ամենեւին այդպես չէ: Այն ինչ քննադատել ենք, այդ քննադատածը մենք ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք եւ կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից եւ այդ նստավայրը մենք ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին: Այս պահին արարողակարգային խնդիր կա լուծելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ