Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում երեկ ընդունվեց ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ «Նոր սահմանափակումներ ՀԿ-ների գործունեության ոլորտում ԵԽ անդամ երկրներում» խորագրով զեկույցը:
Լյուքսեմբուրգը ներկայացնող պատվիրակ Իվա Կրուշենի ներկայացրած զեկույցում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին բարեփոխել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը, չկիրառել ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող քայլեր և հետևել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ ամրագրված է. «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումները շարունակվում են: Չնայած հոկտեմբերին Վեհաժողովը քննադատեց Ադրբեջանում տիրող իրավիճակը, շարունակվում են ճնշումները ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ և ՀԿ-ների նկատմամբ սահմանափակումները օրենսդրական մակարդակում ու թեև օրենսդրությունն ինչ-որ առումով բարելավվել է, սակայն շատ ՀԿ-ներ եւ նրանց դոնորներ դեռեւս ենթակա են իշխանությունների թույլտվություն ստանալու պարտավորությանը»:
Այս մտահոգություններին ի պատասխան ադրբեջանցի պատվիրակները կրկին սկսեցին արդարանալ՝ կրկին հիմնավորելով, թե Ադրբեջանն առաջին աշխարհիկ պետությունն է իսլամական երկրների մեջ, որտեղ դեռ 1918-ին կանայք ստացան ընտրելու իրավունք և այլն:
Նշենք, որ վեհաժողովում նաև քննարկվեցին և քննադատության արժանացան Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունները՝ համարվելով հակաժողովրդավարական:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ