Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞րն էր Սեյրան Օհանյանի մեղքը

Հունիս 28,2018 15:00

Արաբոյի Մանվելը՝ վարկաբեկված ԵԿՄ-ականների,
թալանողների եւ ընտրությունների մասին

Արաբոյի Մանվելը՝ ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը, օրերս հայտարարեց, որ Երկրապահ կամավորական միությունը պատվազրկված կառույց է, եւ լավ կլինի, որ փոխեն ԵԿՄ-ի անունը: Ըստ նրա՝ մինչեւ անունը, այդ խարանը մաքրեն, շատ ժամանակ կպահանջվի, ավելի լավ է նոր էջ բացեն, նոր անունով շարունակեն գործել:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ այդ նոր կառույցում ինչպե՞ս պետք է վերահսկել, որ վարկաբեկված մարդիկ չմտնեն ու նորից վարկաբեկեն կառույցը, օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը կամ այլ մարդիկ, որոնք կուզենան անդամակցել, տաբունե՞ր են դրվելու իրենց առաջ, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Միայն ու միայն մի ճանապարհ է մնում այնտեղ ազնիվ մարդկանց հավաքելու համար, դա Աստծու խոսքն է՝ ճանաչեք մարդկանց իր կատարած գործերով, իր վարքագծով: 15-20 տարի է անցել, եթե մենք այսօր չգիտենք, թե ով է ազնիվ, ով է անազնիվ, ով է ընդունակ, ով է անընդունակ, մենք ինչպե՞ս կարող ենք լավ ապրել: Մենք պարտավոր ենք ընտրել մարդկանց, չենք կարողանում 17 մարդ ընտրել խորհրդի անդամ, կընտրենք 11 մարդ, չենք կարողանում 11 մարդ ընտրել, կընտրենք 7, 5 մարդ: Ուրեմն չկա՞ այստեղ 5 ազնիվ հրամանատար, որը կարողանա լինել խորհրդի անդամ: Պարտադիր էլ չի հրամանատար լինի, հրաշք զինվորներ կան, ազատամարտի մասնակիցներ կան, որոնք իրենց ազնիվ են պահել, ինչո՞ւ ոչ նրանցից լինի: Ցանկալի է, որ հրամանատար լինի, ունենա պատիվ, շուտ գա հավաքի բոլորին իրար գլխի, համաձայն եմ, բայց, ամեն դեպքում, 5, 7 մարդու խնդիր լուծելը հեշտ է»:
Մանվել Եղիազարյանի համոզմամբ՝ հասարակության 10 տոկոսն է ազնիվ, եւ 10 տոկոսն է անազնիվ, մնացածը, եթե անազնիվ մարդիկ են իրենց ղեկավարում, կարող են դառնալ անազնիվ, եթե ազնիվ մարդիկ են ղեկավարում, կարող են դառնալ ազնիվ, դա է հասարակության պատկերը. «Ես համոզված եմ՝ հասարակության 70 տոկոսը ոչինչ չի որոշում, ապրում է այնպես, ինչպես իր համար որոշում են, ձեզ վստահեցնում եմ»:
Արաբոյի Մանվելը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին. «Վաղը, մյուս օրը եթե ձեւավորվի մի քաղաքական ուժ, որը սրտամոտ լինի ինձ, ես ցանկանամ, կմիանամ իրենց եւ միասին կգնամ ընտրությունների: Այսօր այդպիսի որոշում կա, որ ես մասնակցելու եմ ընտրություններին, բայց ում հետ՝ ես չգիտեմ»:

Մանվել Եղիազարյանին հիշեցրինք, որ ինքը քառյակ-եռյակի ժամանակ Ծառուկյանի հետ էր, հետո «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, հետո ՕՐՕ դաշինք մտավ, հարցին՝ Դուք գաղափարներով այդ ուժերի հետ համակարծի՞ք էիք, նա պատասխանեց. «Եթե գաղափարներով մենք 100 տոկոս համաձայն էլ չէինք, բաներ կային, որ համաձայն էինք. դա մեր երկիրը կարգի բերելն էր, օրինավոր երկիր ունենալն էր: Բաներ կային, որ, այո, համաձայն էինք, բայց լիարժեք համամիտ լինել բոլոր մարդկանց հետ դժվար է: Հիմա ես ասում եմ, որ սա նոր իրավիճակ, հեղափոխություն, նոր մտածելակերպ է, չի բացառվում, որ ես այլ մարդկանց հետ հայտնվեմ ընտրություններում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք հիմա պախարակելի՞ եք համարում, որ Սեյրան Օհանյանին էլ են կանչում հարցաքննության, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Ես վտանգ եմ տեսնում բանակի, զինվորականության, ազատամարտի մասով, ընդամենը դա: Ինձ համար ոչ մեկը տաք ու սառը չեն, ես վստահ ասում եմ: Ինձ համար տաք ու սառը չեն, եթե գողացել է, պետք է պատասխան տա, բայց թշնամին դռանդ դեմը չոքած է, այնպես արեք՝ բոլորին թեւաթափ չանեք: Խոսքս ազատամարտի ու զինվորների մասին է»:

Հարցին՝ ապրիլյան պատերազմը եղել է Սեյրան Օհանյանի օրոք, Դուք իր պատասխանատվության բաժինն այդտեղ տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Պատասխանատու է համակարգը, ոչ թե Սեյրան Օհանյանը: Համակարգն է պատասխանատու, ի՞նչ կարող էր անել Սեյրան Օհանյանը, որ չի արել, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում պատասխանատուն համակարգն էր, այդպես դրված է: Սեյրան Օհանյանի մեղքը միայն այն էր, որ այդ համակարգում աշխատել է, յոլա է գնացել, աշխատել է, նրանց հրահանգները կատարել է: Իր մեղքը դա է: Սաղն էլ մեղավոր են, ես պարզ ասում եմ, ես էն մարդն եմ, որ հայրենիքը այս օրին գցելու համար իշխանավորների 90 տոկոսին մեղավոր եմ ճանաչում, բոլորի՛ն, ովքեր թալանել են էս երկիրը, օրենքը խախտել են: Դուք չկարծեք՝ ես մեկին պաշտպանում եմ, ես ոչ մեկին չեմ պաշտպանում: Ես պաշտպանում եմ իմ հայրենիքը: Չորս կողմը հակառակորդը լցվել է, վաղը կգան, կսկսեն մեզ ոտնատակ տալ, էն ժամանակ մեղավո՞ր եք ման գալու, չե՞ք ասելու՝ ջհանդամ, թե էս մի ազատամարտիկն էլ մի 100 հազար դրամ փախցրել էր, ինչի՞ տղային թեւաթափ արեցինք, թող գնար մեռներ: Պարզ ասե՞մ քեզ՝ ապրիլյան կռիվների ժամանակ էդ ինչքա՞ն կամավոր եկավ մարտադաշտ, էլի էդ մարդի՞կ չեկան, էլի հին տղաներն էին: Բա մի՞թե կարելի է այդպես: Այդպես չի՛ կարելի, պետք է զգույշ լինել: Ես չեմ ասում՝ ինչի են անում, լա՛վ են անում, ճի՛շտ են անում, բայց զգո՛ւյշ, սա մեր բանակն է, սա մեր ազատամարտն է»:
Հարցին՝ բանակի պատիվը, հեղինակությունը դրանով ավելի չի՞ բարձրանում, երբ որ կոռուպցիան արմատախիլ է արվում բանակից, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Եթե բանակը կարգի ես բերում, հեղինակությունը բարձրանում է, այո՛, բայց երբ որ դու 500 հազար գողացողին մի այնպիսի աղմուկ ես սարքում, իսկ 500 մլն դոլար գողացողի, հանքեր գողացողի մասին չես խոսում, չես բռնում, մարդիկ թեւաթափ են լինում, ասում են՝ սա՞ է ձեր ազնվությունը, սա՞ է ճշմարտությունը: Նա մեղավոր է, նրան կարելի է սուսուփուս տանել փակել, պետք է գնդակահարել, խնդիր չեմ տեսնում ես, բայց այդպիսի աղմուկ մի՛ արեք»:
Մեր դիտարկմանը, որ եթե դա հրապարակային չանեն, «սուսուփուս» անեն, մյուսները ո՞նց կզգոնանան, պետք է, չէ, հրապարակի վրա մի օրինակ, որ մյուսները նայեն, ասեն՝ իմ ճակատագիրն էլ է սա լինելու, Մանվել Եղիազարյանն արձագանքեց. «Բռնի օլիգարխին, որը 1 մլրդ դոլար է տարել, նրա՛ն մատնացույց արա, նրա շուրջը աղմուկ բարձրացրու»:

Այն, որ օլիգարխի թալանածը բռնեն, բանակի թալանողը չի զգոնանա, Մանվել Եղիազարյանը չհամաձայնեց. «Ժողովուրդն է ծնում բանակը: Ինչքանո՞վ է ճիշտ, որ ձեր եղունգը ջարդվի՝ սկսեն ձեզ վարկաբեկել, բայց մարդ կա՝ գլուխը պոկել են, ծուռ գլխով է, դրա մասին ոչ մի բան չասեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930