ԼՂ-ի կարգավիճակն ու անվտանգությունը՝ Հայաստանի գերակա առաջնահերթություններ. ԵՄ անդամ եւ ԱլԳ երկրներին հղված ուղերձը
Հունիսի 22-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցել է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրում, հիշեցնենք, ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը: Թեեւ Մինսկի հանդիպմանը ներկա էր նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը չհանդիպեցին։
Պաշտոնական Երեւանը թե՛ Բրյուսելում, թե՛ Մինսկում Ղարաբաղյան խնդրի առնչությամբ կարեւոր շեշտադրումներ արեց: Հունիսի 22-ին Մինսկում Զոհրաբ Մնացականյանը Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը, որին ներկա էր Հարեւանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը, հանդես եկավ ելույթով, որում, կարեւորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար:
«Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու եւ գործընկեր երկրների միջեւ վստահությունն եւ փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ»: Կարեւորելով 2017թ. բրյուսելյան գագաթնաժողովին ընդունված «20 արդյունք մինչեւ 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի, Արեւելյան հարեւանների եւ գործընկեր երկրների միջեւ տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության եւ երկխոսության խրախուսումն էր, նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։
ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Իսկ ավելի վաղ Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետեւած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը եւ ուրվագծելու առաջիկա գերակայությունները։
Հայաստանյան իրադարձություններին, կառավարության փոփոխությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել էր. «Ցանկանում եմ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու եւ օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքների պաշտպանումը եւ խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ՝ երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական եւ այլ ուղղություններով արդարությունը եւ հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում: Ես նաեւ վերահաստատում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին»։
Հայաստանի ԱԳ նախարարը Մինսկում շեշտել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձեւակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը եւ ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության եւ մեր ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։
Զ. Մնացականյանը ընդգծել էր, որ Արեւելյան գործընկերությունը շարունակում է կարեւոր հարթակ հանդիսանալ համագործակցության ոգու առաջխաղացման համար՝ հիմնված ընդհանուր սկզբունքների եւ արժեհամակարգի վրա, եւ կոնկրետ ուղերձ էր հղել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման եւ անվտանգության հաստատման առնչությամբ: «Կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ներքո։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար եւ պետք է հատկապես կարեւորվի։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ եւ ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջեւ իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։ Ե՛վ ԵՄ անդամ երկրները, եւ՛ Արեւելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի աշխատանքները»։
Ի դեպ, մինչ Հայաստանի ԱԳ նախարարը ԵՄ անդամ եւ ԱլԳ երկրներին Ղարաբաղյան խնդրի շուրջ իրավիճակն էր ներկայացնում, Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ խնդրին առնչվող ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին վերաբերող հարցին՝ Լավրովը, մասնավորապես, ասել էր. «Այդ բանաձեւերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաեւ դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»: Ապա Լավրովը հիշեցրել էր, որ բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: «Դրանց թվում է տարածքների ազատագրման եւ քաղաքական կարգավորման հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակից մենք բոլորս դրանով ենք զբաղված»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ընդգծելով. «ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ունենալով Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջեւ կոնսենսուս լինի»,- ասել է Լավրովը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ժամանակ կարգավորումը մոտ կլինի:
ՌԴ ԱԳ նախարարը քաղաքական կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն էր կարեւորում, «կողմերի միջեւ կոնսենսուսը», իսկ Պետդումայի խոսնակը այս հայտարարությունից մի քանի օր անց հանդես է եկել, մեղմ ասած՝ տարօրինակ դիրքորոշմամբ:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ»: «Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հետեւաբար անենք ամեն ինչ այդ ուղղությամբ եւ ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին եւ ցանկությանը, անշուշտ գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը»,- ասել է Վոլոդինն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաեւ հետագայում»,- հավելել է Պետդումայի խոսնակը:
Բառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ «Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի» կամ՝ «ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները» հայտարարությունների ֆոնին Վոլոդինի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը հովանավորելու բացահայտ փորձ:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Պետդումայի նախագահի հիշյալ հայտարարության առնչությամբ նշել է. «Պետությունների դիրքորոշումներն այս կամ այն հարցի, հատկապես արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ արտահայտվում են գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանի գործադիր իշխանության տեսակետը ԼՂ հարցի հետ կապված հայտնի է: Այն առնվազն շաբաթը մեկ անգամ հնչեցվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի կողմից»:
Գործադիր, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է հայտարարություն անողը՝ հստակ է մի բան՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի պաշտոնյան Բաքվի «ջրաղացին ջուր է լցրել»՝ դրանով իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը կասկածի տակ դնելով, ինչը համառորեն իրականացնում է Բաքուն՝ իր ռազմատենչ քաղաքականությունը ներկայացնելով որպես միակ «ելք»:
Պատահական չէ, որ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովն ասել է հետեւյալը. «Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրել: Միեւնույն ժամանակ մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, որն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտության կարգավորումը», ու հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, անկախ նրանից՝ գործադիր, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից երկիրը ներկայացնող պաշտոնյա, վատ չէր լինի, եթե մտահոգ լիներ ու չանտեսեր սահմանային վերջին շրջանի լարվածությունը՝ ղարաբաղա-ադրբեջանական, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմաններում՝ մատնանշելով այդ իրավիճակի պատասխանատուին, ու տրամաբանությունը հուշում է, որ գումարած այդ ամենին նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության քննադատության առնչությամբ աչք պետք է որ չփակեր: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ֆոնին Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը ռուս պաշտոնյան որակում է «միշտ կառուցողական ու ճիշտ», ուրեմն պետք է ենթադրել, որ, ըստ ամենայնի, Մոսկվան ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի Ալիեւի հետ:
Ամփոփումը՝ հունիսի 28-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 27.06.2018