Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատավորն ու քննիչը գործում են խարդախության փորձի մեղադրանքով, հարկերից խուսափող Հովակիմյանի օգտին»

Հունիս 28,2018 14:30

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի անտարբերության պատճառով ֆերմեր Սամվել Սաֆարյանը կորցնում է տունուտեղը, բիզնեսը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պնդում է Սաֆարյանի՝ դատարանում ներկայացուցիչ Վազգեն Թադեւոսյանը: Շիրակի մարզի ֆերմեր Սամվել Սաֆարյանը սերմացուի բիզնեսով զբաղվող Կորյուն Հովակիմյանի զոհն է դարձել, ինչի համար էլ դիմել է իրավապահ մարմիններին, սակայն, ինչպես պնդում է նրա փաստաբան Թադեւոսյանը, քննիչը գործը կոծկել է. «Մինչդեռ եթե քննիչը բարեխիղճ աշխատեր, ապա կբացահայտեր պետությանը խոշոր չափի Հովակիմյանի՝ վնասներ հասցնելու փաստն ու հարկեր թաքցնելը»:

Ֆերմերը դիմել է դատարան, որպեսզի քննիչի որոշման օրինականությունը պարզվի: Սակայն մարտ ամսից մինչ օրս դատավորն անընդհատ հետաձգում է նիստերը: «Առավոտ»-ը դեռ ֆերմերի խնդրին անդրադարձել էր մինչեւ հեղափոխությունը: Այն ժամանակ Սամվել Սաֆարյանը քիչ հույս ուներ, որ խնդիրը կլուծվի, քանի որ Կորյուն Հովակիմյանը, ըստ Սաֆարյանի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապեր ուներ, եւ խոշոր չափերի հարկեր թաքցնելը, խարդախությունն առանց «տանիքի» չէր կարող անել: Հետո երբ հեղափոխությունից հետո Հովակիմյանի հովանավորյալ պաշտոնյաները պաշտոնանկ եղան, եւ թվում էր, թե Հովակիմյանի դիրքերն էլ թուլացել էին, ու դատարանը ողջամիտ ժամկետում ֆերմերի բողոքը կլսի, ոչինչ չփոխվեց: Ֆերմերի փաստաբանը վստահեցրեց, որ դատավորն առանց հիմնավոր պատճառների է հետաձգում դատական նիստերը: Փաստաբան Թադեւոսյանի պատմելով՝ հունիսի 22-ի դատական նիստն էլ հետաձգվեց, դրան նախորդողն էլ՝ դատախազության համառ ջանքերով. «Հունիսի 22-ի նիստին Կորյուն Հովակիմյանը ներկա էր: Մինչ նիստը դատավորի օգնականը մեզ վստահեցրել էր, որ նիստին հաստատ ներկա են լինելու ե՛ւ Հովակիմյանը, ե՛ւ նրա փաստաբանը: Սակայն դատարան այդպես էլ նրա փաստաբանը՝ գեներալ Մանվելի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, չներկայացավ: Կորյունն էլ պատճառաբանեց, որ ոչնչից տեղյակ չէ, առանց փաստաբանի է: Ես առարկություն ներկայացրի՝ պնդելով, որ գործի նույն նյութերն են, եւ ոչինչ չի փոխվել, ուստի Կորյունը տեղեկացված է: Դատավորն էլ ասաց, թե պետք է հարցեր տա Հովակիմյանին, բայց առանց փաստաբանի չի ստացվի: Ես նշեցի, որ նա արդեն ցուցմունք է տվել, դա չի փոխվել, քննիչն էլ իր գնահատականը տվել է: Եվ քանի որ ցուցմունքը տվել է, իրավունք չունի նոր ցուցմունք տալու: Այնպես որ, կարիք ու հիմք չկար նիստը հետաձգելու, բայց դատավորը հետաձգեց»:
Ֆերմեր Սաֆարյանից բացի, մոտ 20 ֆերմեր տուժել են Կորյուն Հովակիմյանի խաբեությունից: Փաստաբանի խոսքով՝ Կորյուն Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. խոսքը առանձնակի խոշոր չափերի հասնող խարդախության փորձի մասին է: Սակայն այս ընթացքում, փաստաբանի պնդմամբ, քննիչը գործը պատշաճ չի վարել:

Ֆերմեր Սաֆարյանը հիմա սնանկացման ճանապարհին է. նա կարտոֆիլագործությամբ զբաղվելու համար առեւտրային բանկերից խոշոր վարկեր է վերցրել ու այդ խարդախության պատճառով 100 հազար դոլարին հասնող վնասներ է կրել, վարկերի տոկոսներն էլ չի կարողացել վճարել, ինչի արդյունքում բանկերը դիմել են դատարան՝ նրան սնանկ ճանաչելու պահանջով: «Քանի որ դատական նիստերը հետաձգվում են, մենք նույնիսկ չենք կարող դիմել սնանկության կառավարչին, որպեսզի կա՛մ կասեցնեն գործընթացը, կա՛մ ժամանակավոր հետաձգեն, մինչեւ դատարանը որոշում կայացնի: Հիմա կառավարիչը մեզ ասում է՝ դուք անգամ տուժող չեք ճանաչվել: Իմ վստահորդի պարտքատերերի ցուցակ է կազմվել, գույքն են հաշվարկում, ու նա դատավորի պատճառով զրկվելով է ամեն ինչից, մինչդեռ մեզ համար կարեւոր է, որ այս դատական գործը մի ժամ առաջ ավարտվի: Այս դատավորը՝ Արտակ Թադեւոսյանը, մեր տեղեկություններով, մոտ 20 օր առաջ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պետք է Երեւան տեղափոխվի: Պարզապես ՀՀ նախագահը Հայաստանում չէ, որ ստորագրի հրամանագիրը: Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ այս դատավորը չի ուզում գործը քննի: Հուլիսի 2-ին է հաջորդ նիստը, ու չի բացառվում, որ այդ օրն էլ չլինի նիստ: Կարող է զանգեն, տեղեկացնեն, որ դատավորը տեղափոխվում է, գործը փոխանցում են այլ դատավորի, ու գործը սկսում են զրոյից: Մի քանի անգամ նիստ է հետաձգել: Մարտից է սկսվել գործը, ու սա գործի քննություն չէ, որ ամիսներ տեւի, ընդամենը քննիչի որոշման օրինականությունն է ստուգվում, որը 1-2 նիստով կարելի էր ավարտել: Նախորդ անգամ էլ նոր դատախազ եկավ, թե՝ հետաձգեք նիստը, նյութերին ծանոթանամ: Հետաձգեցին, բայց հետո նորից նախկին դատախազը եկավ: Այս ամենից դատելով՝ մենք կարող ենք կասկածներ հայտնել, որ նիստերը հօգուտ Հովակիմյանի միտումնավոր են ձգձգում»:
Սամվել Սաֆարյանը մոտ 10 տարի զբաղվում է կարտոֆիլագործությամբ: Նա կարտոֆիլի սերմեր է ձեռք բերել Կորյուն Հովակիմյանից, որը հոլանդական «Ագրիքո ԲՎ» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Այս ընկերությունը Հայաստանում իրավաբանական հասցե չունի, նրա լիազորված անձը Հովակիմյանն է, համենայնդեպս՝ վերջինս այդպես է վստահեցրել Սաֆարյանին: Հովակիմյանը Սաֆարյանի եւ այլ ֆերմերների հետ կարտոֆիլի սերմացու ներկրելու համար պայմանագրեր է կնքել, ու միշտ այդ պայմանագրերում անհրաժեշտ խմբաքանակից ավելին է գրել: Ասենք՝ Սաֆարյանին պետք էր 20 տոննա, սակայն պայմանագրում գրում էր 60 տոննա: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 58 միլիոն դրամի սերմացուի ներմուծման դեպքում ֆերմերները մաքսային վճարներից ազատվում են, այսինքն՝ սա համարվում է, որ ֆերմերն իր օգտագործման համար է ներմուծում, ոչ թե վաճառելու: Կորյուն Հովակիմյանը ֆերմերների անունով էր ներմուծում, որպեսզի մաքսատուրք չվճարի, մինչդեռ ֆերմերները նրանից գնում էին իրենց անհրաժեշտ խմբաքանակը, մնացածը Հովակիմյանը վաճառում էր այլոց: Այսինքն՝ նա բիզնեսով էր զբաղվում ու համապատասխան վճարներ չէր կատարում:

Սերմացուի հերթական խմբաքանակը, որը Հովակիմյանը ներմուծել է ու որոշ մասը վաճառել Սաֆարյանին, ժամկետանց է եղել, ծլած ու ոչ պիտանի: Պայմանագրի համաձայն՝ Հովակիմյանը պետք է անորակ սերմացուն փոխարիներ նորով, սակայն նորն էլ պիտանի չի եղել, ու Սաֆարյանը գրեթե բերք չի ստացել, ինչի դիմաց Հովակիմյանը հոլանդական ընկերության միջոցով գումարային փոխհատուցում պիտի տար: 2014 թվականին Հովակիմյանը Սաֆարյանին առաջարկել է գործարք, որպեսզի մասնակի փոխհատուցում տրամադրեն, Սաֆարյանին հորդորել է պարտավորագիր կնքել, վստահեցնելով՝ ձեւական է: «Ասաց՝ ձեւական բան ա, պարտավորագիրը ստորագրի, իբր դու քո պարտքը հետաձգում ես, պարտավորվում ես, որ կվճարես, մենք էս փաստաթուղթը կուղարկենք Հոլանդիա, ընկերության հաշվապահությունը ճիշտ պահելու համար է, ու քո փողը կուղարկենք: Մի քանի ֆերմերների հետ նման պայմանագիր եմ կնքել: Էս պարտավորագրում իրականությանը չհամապատասխանող թվեր էին, ցուցմունքումս էլ եմ գրել դրա մասին ու նշել, որ ստորագրել եմ, քանի որ ասել էր՝ ձեւական է»,- պատմեց Սաֆարյանը: Նա ոչ մի փոխհատուցում այդպես էլ չի ստացել, հակառակը՝ 2015-ին դատարանից հոլանդական ընկերությանը 44 հազար եվրո վճարելու կարգադրության մասին ծանուցում է ստացել: «Կորյունն ինձ խաբել է, նրան առաջադրված մեղադրանքն էլ հենց սա է՝ իմանալով, որ սերմացուն փչացած է, խաբելով ու խարդախությամբ պարտավորագիրը ստորագրել է տվել, հիմա դրա դիմաց ինձանից այդ գումարն են ուզում բռնագանձել»,- ասաց Սաֆարյանը: Նա հետո հոլանդական այդ «Ագրիքո ԲՎ» ընկերությունից տեղեկացել է, որ 2012թ.-ին ուղարկված փչացած սերմացուի գումարային փոխհատուցումն ուղարկել են: Հովակիմյանն էլ ֆերմերին վստահեցրել է, թե գումարը Հունան Պետրոսյանի (Մեղրաշենի գյուղապետն է) մոտ է, նրանից էլ կարող է ստանալ: Պետրոսյանն էլ հրաժարվել է Սաֆարյանին վճարել՝ պնդելով, որ ինքն էլ է վնասներ կրել, այդ գումարն իր փոխհատուցումն է:

«Մի խոսքով, խոշոր չափի «գցել են» իմ վստահորդին: Գործի նյութերում կարդացել եմ, որ Կորյուն Հովակիմյանը մի քանի հարյուր հազար դոլարի ու մի քանի հարյուր միլիոն դրամի գումար ունի իր հաշվեհամարին: Նա ցուցմունք է տվել, որ հոլանդական ընկերության հետ կապ չունի, սիմվոլիկ աշխատավարձով աշխատող է: Ասել եմ՝ ստուգեք էս հանգամանքները, նա շահույթ հետապնդող որեւէ ընկերություն չունի, պարզ է, որ այս տարիների ընթացքում ֆերմերների միջոցով է մեծ քանակի սերմացուներ ներկրել, որպեսզի հարկեր չվճարի, բայց իրականում ինքը բիզնես է արել: Այսինքն ՝ պետությանը խոշոր չափերի վնաս է հասցրել: Այս հանգամանքները չեն քննել: Կրկնեմ՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ իրավապահ մարմինները գործում են հօգուտ Հովակիմյանի, որի նկատմամբ քրգործ կա, ու հարկերից խուսափել է»,- ասաց փաստաբան Թադեւոսյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930