Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունը չի դառնա հեղափոխություն, եթե սահմանադրական կարգը մնա անփոփոխ. Մերուժան Հարությունյան

Հունիս 28,2018 14:00

ԵՊՀ դասախոսի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Անսահման ուրախությամբ ողջունելով Ձեր ղեկավարությամբ հայ ժողովրդի իրագործած թավշյա իշխանափոխությունը, պիտի ստիպված ասեմ, որ սա չի դառնում իսկական հեղափոխություն, քանզի հասարակության սահմանադրական կարգը մնում է անփոփոխ:

Հասարակական այս կարգը երեւի անփոփոխ էլ մնա ու այնքան տենչալի հեղափոխությունն այնպես էլ մնա մեր բոլորիս երազանքը, քանզի, ինչպես Դուք հունիսի 7-ին հայտարարեցիք Ձեր ծրագրի մեջ, այսօրվա կառավարության նպատակը մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ ու ժողովրդավարություն ստեղծելն է, ինչն ակնհայտ ու ցավոք, իրականություն չի: Դուք հայտարարեցիք նաեւ որ. «Օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար եւ չկա որեւէ օրենսդրական խոչընդոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է»։ Սա նույնպես իրականություն չի, քանզի եթե օրենսդրական խոչընդոտ չկար ու չկա, բայց օրենքի կիրառությունը պահանջում է նաեւ քաղաքական կամք, սա արդեն նշանակում է, որ de facto օրենքի առաջ մարդկանց հավասարությունը կախված է մեկի կամ ինչ-որ խմբի կամքից ու բարեհաճությունից, ինչն արդեն շատ լուրջ խնդիր է, քանի որ եթե նույնիսկ այսօր այդ կամքը կա էլ, ամենատարբեր պատճառներով չենք կարող վստահ լինել, որ դա կլինի նաեւ վաղը։ Օրենքը պարտադիր պետք է կույր լինի, այսինքն, լինի այնքան վերացական, որ ոչ մեկի կամքից կախված չլինի:

Բացի սա, ակնհայտ է, որ առկա սահմանադրությամբ երկրի ողջ քաղաքական ու գործադիր ու դատական իշխանությունը de facto կենտրոնացրած է ԱԺ-ի ու վարչապետի ձեռքը, այսինքն, իշխող կուսակցության ձեռքը ու հենց այս փաստը երկրում Ձեր ասած նպատակը, այն է` ազատ շուկայական հարաբերություններ ու իսկական de facto, ժողովրդավարություն հաստատելու նպատակը, դարձնում է անհնար:
Քաղաքակրթության ողջ փորձն ու կուտակած գիտելիքները ցույց են տալիս, որ ազատ շուկայական հարաբերությունները հաստատվում են միայն այն դեպքում, երբ իշխանությունները բոլորովին չեն միջամտում անհատ տնտեսվարողների գործերին` բոլոր ոլորտներում, բացի թեթեւ ու բոլորի համար ընդհանուր հարկերն ու մաքսերը, ու զբաղվում են միայն երկրի արտաքին պաշտպանության հարցերով ու ներքին կարգ ու կանոնով, այսինքն, անընդհատ ու խստիվ հետեւում են, որ սահմանադրության ու սրան համապատասխան մնացած օրենքները պարտադիր ու անխափան գործեն: Ինչպես Թոմաս Ջեֆերսոնն է ասում. «Լավագույն կառավարությունն այն կառավարությունն է, ինչը, ինչքան հնարավոր է, քիչ է կառավարում»: Ներկա սահմանադրությունն ու օրենքներն ու սրանցից ծագած` երկրի այս պահի ողջ իրավիճակը, նորից ակնհայտ, խոչընդոտում են Ձեր վերոհիշյալ նպատակներն իրագործելուն ու հետո էլ անպայման կխոչընդոտեն, որքան էլ Ձեր ու Ձեր թիմի քաղաքական կամքը վիթխարի լինի: Այս սահմանադրությամբ ու օրենքներով հաղթելը նման է ալրի պարկը ոտքերին հագած վազքի աշխարհի չեմպիոնատում հաղթելուն, այսինքն, անհնար է:

Այսօր ձեր հանդեպ ժողովրդի վստահության պաշարը վիթխարի է ու սա ուղղակի հրաշալի է, բայց 1-2 տարի հետո այս պաշարը կպակասի, քանզի անհավանական է, որ այդ ընթացքում, առանց ազատ շուկայական հարաբերությունների ու փաստացի ժողովրդավարության, մարդկանց եկամուտներն աճեն, այնինչ, գներն անպայման են աճելու, որովհետեւ տնտեսագիտության օրենքներն անողորմ են, իսկ այս օրենքներն ասում են, որ եթե երկրում ազատ շուկայական հարաբերությունները de facto բացակա են ու ժողովրդավարությունն էլ միայն թղթի վրա է, արտադրությունն անպայման է կրճատվում, թանկությունն էլ անպայման է աճում, ուրեմն, աճում են աղքատությունն ու թշվառությունը: Հենց սրա համար է Ձեզ նաեւ պրն Դարոն Աճեմօղլուն հորդորում, որ անհապաղ ինստիտուցիոնալ միջոցառումներ անցկացնեք, որ ՀՀ-ում ազատ շուկայական հարաբերություններ ու փաստացի ժողովրդավարություն հաստատվեն:

Որո՞նք են սահմանադրական (ինստիտուցիոնալ) անհրաժեշտ այն նվազագույն միջոցառումները, որոնք կապահովեն երկրի ազատ շուկայական հարաբերություններն ու օրենքի առաջ բոլորի հավասարությունն ու, առհասարակ, փաստացի ժողովրդավարությունը:

Քաղաքակրթության ողջ փորձն ու կուտակած գիտելիքները ցույց են տալիս, որ սրա համար անհրաժեշտ ու պարտադիր (գուցե` ոչ լրիվ բավարար` տեղի սղության պատճառով) պայմանները հետեւյալն են:

1. Իշխանությունը պիտի բաժանվի 3 անկախ թեւի, որոնք են.
ա. Գործադիր Ժողովը (կառավարությունը)
բ. Օրենսդիր Ժողովը (ԱԺ-ն, այսինքն, օրենսդիր դատավորները, պատգամավորները)
գ. Դատարանները
2. Օրենսդիր ժողովի անդամներն ու դատավորները պիտի լինեն անկուսակցական, պիտի ունենան կրթական ցենզ (լինեն իրավաբան-տնտեսագետ, ինչն օրենսդիր դատավոր-«պատգամավորի» համար զարմանալի չի ու պարտադիր է):
3. Օրենսդիր ժողովում պիտի արգելվեն որեւէ տիպի ֆրակցիաներն ու խմբերը, քանզի ընդունվող ու ստեղծվող օրենքները, ակնհայտ, չպետք է պաշտպանեն որեւէ կուսակցական կամ այլ խմբի շահերը: Սա է պահանջում օրենքի առաջ բոլորի հավասարության թեզը:
4. Ընտրությունները պարտադիր, պիտի բոլորի համար լինեն միայն եւ միայն մեծամասնական ու վարից վեր` ուղղակի, այսինքն, միայն ժողովուրդը պիտի ընտրի, եւ ոչ թե այսօրվա պես, երբ ժողովուրդը նախ համամասնական ցուցակներով պատգամավոր է ընտրում, հետո նոր այս պատգամավորներն ընտրում են գործադիր իշխանության իբր ժողովրդի ներկայացուցիչներին:
Ըստ էության, այսօրվա Օրենսդիր Ժողովն ունի ուղիղ այնքան անդամ, ինչքան որ ֆրակցիաների թիվն է Օրենսդիր ժողովում, այսինքն՝ ընդամենը 4 «անդամ», թեեւ թղթի վրա ԱԺ-ի անդամների թիվը 105-ն է, որովհետեւ ամեն մի ֆրակցիայի անդամները պարտավոր են ենթարկվել ֆրակցիաների գործադիր մարմինների որոշումներին:
Ընդ որում, որոշում ընդունելու մանդատը այս չորս կոլեկտիվ «անդամից» միայն մեկն ունի, ունի միայն մեծաթիվ ֆրակցիան (օրինակ, ՀՀԿ-ն): Այնինչ, եթե օրենսդիր ժողովի անդամի համար անկուսակցական լինելը լինի պարտադիր ու ֆրակցիաները արգելվեն, ընտրություններն էլ լինեն միայն եւ միայն մեծամասնական, սա անհապաղ վերջ կտա կուսակցական ու պաշտոնամոլական ամեն տեսակ հավակնություններին, ու կուսակցությունների եւ պաշտոնամոլների դերն ու հավակնությունները կդառնան չնչին (բնական է, որ ամեն գնով իշխանության ու պաշտոնի ձգտող բոլոր կուսակցություններն էլ (նաեւ Ձերը) դեմ կլինեն այս ու նախորդ կետին):
5. Օրենսդիր ժողովի անդամներն ու դատավորները պիտի ընտրվեն մոտ 15-20 տարով (այսինքն, ՕԺ-ի (ԱԺ-ի) ընտրությունները կդառնան ոչ պարբերական ու կառավարության ընտրություններից անկախ ու կբացառեն խմբային շահերը) ու պիտի ընտրվեն գուցե 40 տարեկանից ոչ պակասները, քանզի օրենսդիր դատավորը պետք է կյանքի փորձ ունենա:
Օրենսդիր ժողովի ընտրության այս ձեւը, ըստ էության, Օրենսդիր ժողովը (բայց ոչ անդամին) դարձնում է «ցմահ», որովհետեւ ՕԺ-ն, առաջին անգամ ընտրվելուց հետո, այլեւս չի ընտրվում: Ընտրվում են միայն տարիքային ցենզը լրացած անդամները, տարեկան երեւի 2-3 հոգի: Սա արդեն թերեւս բացառում է, որ օրենսդիրը կուսակցական կամ այլ կապեր ունենա գործադրի հետ, քանի որ գործադրի ընտրությունը պարբերական է (4-5 տարին մեկ), օրենսդրինը` ոչ (տես 7-րդ կետը): Ընտրությունների ժողովրդավարականությունը, այսինքն, ուղղակի ընտրությունները, կապահովեն կառավարության արտաքին քաղաքականության սուվերենությունը, ու համարյա կբացառեն մեծ տերությունների արտաքին ճնշումները, մանավանդ, եթե լինի ցույցերի ու մամուլի փաստացի ազատություն, քանզի օրենք ընդունողը պիտի լինի միայն Օրենսդիր ժողովը:
6. Եթե ընտրողների 3-5%-ը ստորագրություն հավաքելով դիմում է Օրենսդիր ժողովին մի նոր «վիճելի» օրենք ընդունելու պահանջով, Օրենսդիր Ժողովը պարտավոր է այդ օրենքի ընտրությունը անցկացնել հանրաքվեով: Սա մանավանդ վերաբերում է ժողովրդի ավանդական սովորույթներին հակադրվող օրենքներին, օրինակ, համասեռականների ամուսնություններն օրինականացնող կամ երեխաների «իրավունքները լայնացնող» օրենքներին: Ժողովրդի մեծամասնության համաձայնությունն այսօրինակ դեպքերում պարտադիր է` հանրության ոչ կոնֆլիկտայնությունն ապահովելու համար:
7. Գործադիր ժողովի (կառավարության) ընտրությունները պիտի լինեն պարբերական, 4 կամ 5 տարին մեկ, ԳԺ-ի վարչապետը (կամ նախագահը, անունը կարեւոր չի) եւ մեկ կամ երկու փոխվարչապետը իրար հետեւից երկու անգամից ավելի չպիտի ընտրվեն:
8. Գործադիրը (կառավարությունը) պիտի օրենսդրական նախաձեռնության իրավունք չունենա, քանզի գործադիրը միշտ ու անպայման ղեկավարվում է զուտ իր գերատեսչական բյուրոկրատական շահերով ու արտոնություններով եւ ոչ թե երկրի բոլոր մարդկանց շահերով, միշտ համոզված լինելով, որ գործում են հանուն ժողովրդի բարեկեցության:
9. Պետերի խումբը (պետությունը) պիտի լինի նվազագույնը: Վարչապետի կամ նախագահի ինստիտուտներից մեկնումեկը պիտի վերանա: Այսօրվա 18 նախարարությունից մոտ 12-ը պիտի դեն շպրտվի, քանի որ սրանք ոչ միայն ավելորդ են, այլեւ խոչընդոտում են ազատ շուկայական հարաբերություններին: Մնացած նախարարությունների կազմն էլ հնարավորինս պիտի կրճատվի, քանզի առկա նախարարությունները կլանում են բյուջեի վիթխարի մասը:
10. Օրենսդիր ժողովին 33 անդամը լրիվ հերիք է, քանզի ՀՀ-ն փոքր երկիր է եւ չունի, օրինակ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի խնդիրների վիթխարի բազմազանությունն ու բարդությունը:
11. Զինվորական դատարանները, Սահմանադրական դատարանն ու դատական վերին ատյանները պիտի լուծարվեն (որպես ավելորդ), դատական միակ ատյանը, «շարքային» դատարանները բավարար են: Դատավճիռները կարող են վիճարկվել ցանկացած ուրիշ մի դատարանում, այդ թվում նաեւ դատավորների հանցագործության մեղադրանքները:
Դատարանների վճիռները, եթե չեն վիճարկվում, կարող են համարվել նախադեպային:
Դատախազների հսկողական ֆունկցիաները նույնպես պիտի լուծարվեն, ու սրանց իրավունքները պիտի հավասարվեն պաշտպանների իրավունքներին, որ մեղադրողի ու պաշտպանի դատական մրցությունը լինի հավասար պայմաններում:
12. Կենտրոնական բանկը ու, առհասարակ, բոլոր բանկերը չպիտի ունենան որեւէ մենաշնորհ ու չպիտի ունենան արժույթները հսկելու որեւէ իրավունք, քանի որ գները, հենց սկզբունքով, կառավարելի չեն:
Մեծարգո պրն Վարչապետ, ՀՀ-ն այսօր մի ուղղակի անհավատալի ու եզակի հնարավորություն ունի սահմանադրական այս կարգը հաստատելու, մի կարգ, ինչին ես ասում եմ` բարոյակարգ, քանզի, միայն այս կարգն է հնար տալիս, որ հասարակության մեջ բարոյական բոլոր օրենքները գործեն լիովին, ու ազատ շուկայական հարաբերություններն ու ժողովրդավարությունն էլ կախված չլինեն Ձեզ հաջորդող որեւէ վարչապետի կամ մեկ ուրիշի քաղաքական կամքից: Միայն Ձեր բացարձակ արդար վաստակած վիթխարի հեղինակությունն է, որ հնար կտա այս կարգը բացատրելու ժողովրդին ու սա դարձնելու հասարակական պահանջ: Համոզված եմ, որ Ձեզնից բացի, ուրիշ ոչ ոք ընդունակ չի սա իրագործելու, ու խիստ անհավանական է, որ ապագան մեր ժողովրդին սրա պես եզակի մի բարենպաստ առիթ ընծայի, ու չեմ էլ հավատում, թե մենք մի ուրիշ Նիկոլ Փաշինյան ունենալու բախտը կունենանք:

Ես Ձեր գրասենյակին ու Ձեր էլեկտրոնային փոստին եմ փոխանցել մի ավելի ընդարձակ շարադրանք, բայց չգիտեմ՝ դրանք ձեզ հասե՞լ են արդյոք: Սա է պատճառը, որ Ձեզ բաց նամակով դիմեցի:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս, 47 տարվա աշխատանքային ստաժով

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930