Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բելգիաբնակ արվեստագետն առաջին անգամ կներկայանա CD-ով եւ նրանից «ածանցված» գեղանկարչական աշխատանքներով

Հունիս 28,2018 13:30

Արտասահմանյան երաժշտական հեղինակավոր մրցույթներն ու փառատոները իրենց որոշակի հետքն են թողնում մասնակիցների ստեղծագործական կյանքում, ինչը չի կարելի ասել հայաստանյան նման միջոցառումների մասին, բացառությամբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի, որի հաղթողները արժանանում են նաեւ խրախուսական պարգեւների եւս:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ «մրցութասեր» բելգիաբնակ Արմեն-Լեւոն Մանասերյանը 2017թ. մասնակցելով Մալթայում կայացած դաշնակահարների 5-րդ մրցույթին, արժանացել է Գրան պրիի եւ իրավունք ստացել թողարկել CD իսպանական հեղինակավոր KNS Classicol ֆիրմայում:

Այս օրերին դաշնակահարը Երեւանում է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ վերջերս Աթենքում նույնպես մասնակցել է մրցույթի, դարձել «De Bach au Jazz 2018»-ի դափնեկիր: Անդրադառնալով մալթյան մրցույթին, Արմեն-Լեւոնը մանրամասնեց. «Մրցույթին մասնակցում էին դաշնակահարներ 22 երկրից, ներկա էին, ինչպես միշտ, իմպրեսարիոներ: Այստեղ ժյուրիի անդամ, KNS Classicol-ի տնօրեն Կարլես Լաման իբրեւ մրցանակ ինձ հնարավորություն ընձեռեց ձայնագրվել եւ թողարկել CD (լուսանկարում): Այն վերնագրված է Color of sound (Ձայնի գույնը), որում ընդգրկել եմ կոմիտասյան ստեղծագործություններ ու Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային ցիկլը: Նշեմ, որ Մուսորգսկին ազդվելով Վիկտոր Հարթմանի գեղանկարչական ցուցահանդեսից, 1874թ. ընդամենը երեք շաբաթվա ընթացքում է գրել այս շարքը: Արդեն 10 պատկերները ներկայացրել եմ Պորտուգալիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ այլուր: Հունիսի 29-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա CD-իս շնորհանդեսը, որը կուղեկցվի իմ հեղինակային տասը գեղանկարչական աշխատանքներով, որոնք ստեղծել եմ Մուսորգսկու երաժշտությունից ազդված: CD-ում տեղ գտած բրոշյուրի տեքստի հեղինակն է երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանը»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ. «Իսպանական CD թողարկող ստուդիան բծախնդիր ընտրություն է կատարում: Հեղինակավոր այս ֆիրմայում ես առաջին հայն էի եւ իմ առաջարկով նրանք առաջին անգամ էին ծանոթանում կոմիտասյան ստեղծագործություններին ու կարող եմ փաստել, որ հիացած էին…»:

Մանասերյանի գեղանկարներից

Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ընթանում Բելգիայում իր հիմնած «Vitrage» փառատոնի աշխատանքները: «Հուլիսին, երբ ես դեռ Երեւանում կլինեմ, երրորդ տարին անցկացվող փառատոնային համերգներին կմասնակցեն Ars lunga դուետը՝ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն ու թավջութակահար Արամ Թալալյանը: Նախորդ համերգաշարերին մասնակցել են ինչպես բելգիաբնակ երաժիշտներ, օրինակ՝ թավջութակահար Միքայել Գրիգորյանը, ջութակահար Հրայր Կարապետյանը, այնպես էլ Հայաստանից հրավիրված արվեստագետներ՝ դաշնակահարներ Մարիամ Ղազանչյանը, Հասմիկ Մանուկյանը, դուդուկահար Հարություն Չքոլյանը եւ ուրիշներ: Կարճ ասած՝ փառատոնային համերգներին մասնակցելու առաջնությունը տալիս եմ հայրենակիցներիս»: Ռեպլիկին՝ նման նախաձեռնության համար անհրաժեշտ են ոչ փոքր չափի գումարներ, արվեստագետը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ բացարձակապես ֆինանսական աջակից չունեմ, բայց փառատոնի հետ կապված տարբեր հարցերում ինձ մշտապես աջակցում են Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության մշակութային բաժնի ղեկավար Սոնա Պետրոսյանը, Բելգիայի հայկական համայնքի ղեկավար Կարեն Թադեւոսյանը, բելգիական «Հայ տունը» մշակութային կենտրոնը»:
Դաշնակահարին հայտնեցինք, որ մեզ հետ իր վերջին՝ 11.12.2016թ. հարցազրույցից հետո տեղեկացանք, որ ինքը զբաղվում է նաեւ բարեգործությամբ, մասնավորապես օգնել է քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին: Արմեն-Լեւոն Մանասերյանը միանգամից «կտրեց» խոսակցությունը, նշելով, որ դրա մասին չի ուզում բարձրաձայնել: Հարցապնդմանը՝ բայց վստա՞հ է, որ իր օգնությունը հասցեատիրոջն է հասել, արվեստագետը պատասխանեց. «Ես եւ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը կազմակերպեցինք բարեգործական համերգ՝ մասնակցությամբ արտասահմանում բնակվող մեր հայ գործընկերների: Սիրով մասնակցեցին բելգիաբնակ երաժիշտներ, դաշնակահարներ Հասմիկ Մանուկյանը, Աշոտ Խաչատրյանը, ջութակահարներ Հրայր Կարապետյանը, Հրաչյա Ավանեսյանը, գերմանաբնակ դաշնակահար Լիլիթ Գրիգորյանը: Հավաքվեց 18 հազար եվրո. այն ուղարկեցինք Հայաստան՝ մեր մտերիմներից մեկին, որն էլ 500-ական եվրո տրամադրեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին, այն ցուցադրվեց Արցախի հեռուստատեսությամբ, ինչը տեղադրվեց YouTube-ում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930