Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատված» հայազգի պորտապարուհու, անապատի հրաշքների ու ռուս Լյուբայի մասին

Հունիս 28,2018 13:00

Երեւանից Հուրգադա հասած լրագրողներին անապատում ռուս Լյուբան է դիմավորում: Մահմեդականությունն ընդունելուց հետո Լեյլա է դարձել: Խիստ է ու պահանջկոտ: Սաֆարի-տուրի ինստրուկտոր Լեյլան ասում է՝ գործն է այդպիսին, խիստ պետք է լինի սաֆարին սիրող զբոսաշրջիկների նկատմամբ, թե չէ՝ ոգեւորության մեջ կվադրոցիկլի արագությունը գերազանցում են ու վթարն անխուսափելի է դառնում: Հայ լրագրողների խումբը նաեւ արագությունը գերազանցելով, բայց բարեհաջող հասավ բեդուինների բնակատեղին: Անապատի բնակիչ անասնապահ արաբներն այստեղ ընդգծված սիրալիր են հայերի նկատմամբ, առանց դժկամության են հայ լրագրողներին ուղտերով շրջապտույտի տանում, կատակում են՝ ով համաձայնի ամուսնանալ` պատրաստ են յուրաքանչյուրի համար 14 ուղտ տալ:

Սաֆարին հաղթահարած լրագրողներին Լեյլան առաջարկում է մնալ ու ինստրուկտոր աշխատել, եգիպտացիները լավ են վճարում: Հայերը չեն համաձայնում` անապատը շատ հեռու է Երեւանից: Լեյլան ասում է` հայ զբոսաշրջիկների թիվը վերջին մեկ տարում շեշտակի է ավելացել: Air Cairo (պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատոր) եգիպտական ընկերության ներկայացուցիչն է պարզաբանում՝ դեպի եգիպտական հանգստավայեր ուղիղ չվերթներն իրենց գործն անում են: Եգիպտոսը նախընտրողներն այլեւս պարտադրված չեն հասնում Վրաստան՝ Թբիլիսիից շարունակելու: Լեյլա-Լյուբան շտապում է երեկոյան աղոթքի` հենց հայ լրագրողների ավտոբուսով: Էլ-Մինա մզկիթում մաղրիբ` աղոթք է: Քաղաքի այցեքարտ «Մարինա բուլվար» նավահանգստի տախտակամածում ահռելի նավերի խարիսխների խորը ճռինչը չի խլացնում Էլ-Մինայի աղոթքի կանչը: 40 տարեկան Հուրգադայի գլխավոր զարդն է տաճարը` 40 մետրանոց մարմարե մինարեթներով: Եթե քրիստոնյա ես, Ռամադանի շրջանում չես կարող մզկիթի ներսում աղոթել Աստծուն, արգելվում է:

Լեյլան խորհուրդ է տալիս առանց Լուքսորը տեսնելու չհեռանալ Եգիպտոսից: 3,5 – 4 ժամվա ճանապարհ է Հուրգադայից Լուքսոր: Հնագույն արձանախմբերն ու սֆինքսների հռչակավոր ճեմուղին այստեղ ամբողջացնում են փարավոնների հայրենիքի առեղծվածը: Լուքսորը կինոտուրիզմի հռչակավոր կենտրոններից է` համաշխարհային կինոյի հայտնի ֆիլմերի նկարահանման հրապարակը: Այստեղ է նկարահանվել լեհ դասականի` Եժի Կավալերովիչի հանրահայտ «Փարավոնը»: Լուքսորի հնավայրերում է ստեղծվել ամերիկյան կինոհիթերից «Մումիան»:

Եգիպտահայերն այս երկրում դարեր առաջ են հաստատվել: Հիմա 6 հազար հայ է ապրում Եգիպտոսում: Հուրգադայում հայտնի հայ հեռուստամեկնաբան ունեն: Պատմում են նաեւ, որ հայազգի հայտնի պորտապարուհի Սոֆինազին՝ Ծովինար Գուրյանին (լուսանկարում), 6 ամսվա ազատազրկման են դատապարտել` երկրի պետական դրոշը վիրավորելու մեղադրանքով: Պարուհին ելույթ է ունեցել Եգիպտոսի դրոշի գույների` կարմիր, սպիտակ ու սեւ զգեստով, ինչն էլ առիթ է դարձել նրա դեմ հայց ներկայացնելու: Associated Press-ն էլ գրել է, որ Սոֆինազն բացատրություն է տվել՝ դրոշը վիրավորելու միտում չի ունեցել, եգիպտական օրենքներին լավ ծանոթ չի եղել, բայց դա նրան չի ազատել պատասխանատվությունից:

Կարմիր ծովի ջուրն այնքան աղի է, որ այստեղ կատակում են` կարող ես ջրի վրա պառկած ընթերցանությամբ զբաղվել: Լողափը լեփ-լեցուն է ռուսներով ու եվրոպացիներով` հիմնականում գերմանացիներ ու բրիտանացիներ: Լեյլան խորհուրդ է տալիս երկար մնալ ծովում՝ կհանդիպես հրաշքին՝ Կարմիր գեղեցկուհու, ջիները երազանքներիդ շունչ տված քեզ կուղարկեն Երեւան:

ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930