Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մոտենում է պատասխան տալու ժամը

Հունիս 28,2018 12:30

ՄԻ քանի շաբաթ է, ինչ Հայաստանի եւ առհասարակ ողջ հայության միտքն ու հոգին անասելի կերպով փոթորկված ու եռքի մեջ է։ Մարդիկ ցնցված են վերջին օրերին Հայաստանի ԱԱԾ-ի հայտնաբերած մի շարք, եւ մասնավորապես՝ բանակի «գեներալ» ու Արցախի «ազգային հերոս» Մանվել Գրիգորյանի կատարած եւ օր օրի ավելացվող հանցագործությունների շարանից։ Հանրապետության լրատվամիջոցներով ի ցույց տրվող համապատասխան պաշտոնական հայտարարություններից ու փաստավավերագրական տեսանյութերից ելնելով, քաղաքացիները ամենուր՝ գրավոր թե բանավոր, իրենց արդարացի զայրույթն ու ցասումն են արտահայտում այսպիսի խայտառակության ու սրբապղծության, մարդկային բանականության եւ տրամաբանության շրջանակներում ոչ մի կերպ չտեղավորվող աննախադեպ երեւույթների հանդեպ։ Ավելին, հանրությունը խորապես ցավ ապրելով, ի վերջո գիտակցելով՝ բարձրաձայնում է, որ այդօրինակ հանցագործություններն ու ապօրինությունները կատարվել են վերջին 15-20 տարիների Հայաստանի իշխանությունների հանցավոր թողտվություններով եւ անմիջականորեն շատ ու շատ պետական պաշտոնյաների գործուն մասնակցություններով։ Գիտակցում է նաեւ, որ այս գարշանքների սկիզբը դրվեց այն ժամանակներից ի վեր, երբ իշխանության եկած պատասխանատուները բացեիբաց հայտարարեցին, որ իրենց դեմ խաղ չկա, կամ՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է…Իսկ Արցախյան պատերազմի հրադադարից հետո՝ պատերազմում այս կամ այն չափով մասնակցություն ունեցած կամ աչքի ընկած աչքաբաց զինվորականները, այսպես կոչված՝ «ասֆալտի ֆիդայիները», վերադառնալով խաղաղ աշխատանքի, սկսեցին իրար մեջ բաժանել պետական պաշտոններն ու ազդեցությունների շրջանակները եւ երկրի առաջընթացին քաղաքականություն թելադրելով՝ այն դարձրին տոհմացեղային, ապօրինի հարստություններ կուտակելու շտեմարան։ Եվ այդ ժամանակներում աջ ու ձախ շաղ տված չարիքի այս սերմնահատիկները՝ տարի առ տարի սկսեցին ծաղկել ու սերմնակալել, որի «բերք ու բարիքի» ականատեսներն ենք այսօր։ Եվ այսպես՝ տարիներ շարունակ, երկրի ու ազգային հարստությունները, զանազան մեքենայություններով կողոպտվել են, մարդիկ ենթարկվել բռնությունների, ստորացումների ու բռնադատումների: Մանավանդ, որ տարիներ շարունակ՝ այսպիսի եւ նմանատիպ բազում կողոպուտների ու չարաշահումների, ամենաթողության վերաբերյալ մի շարք մտահոգ անձանց, հասարակական կազմակերպությունների, ընդդիմադիրների կողմից բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել են, որը, սակայն, իշխանության առաջին դեմքերի եւ պետական պատասխանատուների կողմից՝ սովորության համաձայն, անուշադրությունների են մատնվել։ Այդ իսկ հանգամանքներով էլ մարդկանց մի մասը պարտադրված դարձան ընդդիմադիրներ, իշխանավորներին դատափետողներ, քաղաքական բանտարկյալներ, Սասնա ծռեր…Հայաստանում տիրող եւ օր օրի զարգացումներ ապրող այսպիսի իրավիճակը, իմ համոզմամբ, հիշեցնում է 5-րդ դ. քերթողահայր, տիեզերահռչակ Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» կոթողային աշխատանքի երկրորդ գրքի 68-րդ՝ «Ողբք վասն բառնալոյ թագաւորութեանն Հայոց յազգէն Արշակունեաց, եւ եպիսկոպոսապետութեանն յազգէ սրբոյն Գրիգորի» գլխի, պատմական մտահոգությունները:

Դարեր շարունակ՝ 1600 տարուց ավելի ժամանակահատվածում, մասնավորապես 19-րդ դ. սկզբներից սկսած, ով այս կամ այն չափով առնչվել է հայ ժողովրդի պատմության, բանասիրության ու ազգագրության, արվեստի ու մշակույթի հետ, անպայմանորեն խորհել ու մտահոգվել է պատմահոր Ողբի ասելիք-փիլիսոփայությամբ: Այս մտահոգությունը վերստին ակտիվացավ նաեւ վերջին տասնամյակներում։ Շատ շատերը անդրադառնալով Ողբին, իրավացիորեն ընդգծել են, որ պատմահոր այս տողերը կարծեք ոչ թե 5-րդ դ. է գրված, այլ մեր օրերում։ Անշուշտ, իրավացի դիտարկում է։ Այնպես որ՝ եկեք մեկ անգամ էլ Ողբի երկրորդ մասը (կրճատումներով) ուշադրությամբ ընթերցենք ու խորհենք, պատմահոր մտահոգությունները համեմատենք Հայաստանի մերօրյա իրավիճակի հետ։ Մասնավորապես՝ ուշադրություն դարձնելով պատմահոր գրառում-որակավորումները, համեմատենք մերօրյա իրավիճակի վերաբերյալ ժամանակակիցներիս կարծիք-ասելիքների հետ։ Համոզված եմ, որ եթե Ողբում նկարագրված Հայաստան աշխարհի թշվառությունները ու քննադատությունները համեմատենք մերօրյա պատմության վերջին տարիների գաղջ իրականության բազում քննադատական դիրքորոշումների հետ, ապա Խորենացու գրածը շատ ավելի անմեղ կթվա: Քանզի, դեռեւս հայտի չէ, թե ապագա պատմաբանը մեր ժողովրդի 1990-ական թվականների զարթոնքի, երրորդ հանրապետության հիմնելու եւ Արցախյան պատերազմում տարած հաղթանակին զուգահեռ ի՞նչ եւ ինչպիսի՞ որակավորումներով է շարադրելու պատմության մերօրյա այս ամոթալի ու արգահատելի էջի եղելությունները։ Կարծում եմ, որ պատմության այդ էջի շարադրումը շատ ու շատ դժվար է լինելու։ Մինչ այդ՝ դիմենք Պատմահորը, որը իր ժամանակի Հայոց երկրի վերաբերյալ վկայաբանում-գրում է. «Վարդապետները [ուսուցիչները]՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը»: Այս իրավիճակը գրեթե նույնն է, երբ աչքի առաջ ունենում ենք վերջին տարիներին մերօրյա հոգեւորականների վարք ու բարքը։

Պատմահայրը շարունակելով նշում է, որ «Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող… Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող: Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո: Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ: Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող: Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած…
Որովհետեւ ¥մեզ¤ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիրթ բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած…. շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները…»։

Ցավոք, պատմականորեն ձեւավորված այսպիսի վարքագծով են գործել ինչպես նախորդ դարերի, այնպես էլ մեր երկրի մերօրյա պետական պաշտոններ զբաղեցրած առաջին դեմքերը, նախարարների, դատավորների, զինվորականների, մարզպետների, պատգամավորների, այս կամ այն կազմակերպությունների տնօրենների եւ իշխանության բազմաթիվ այլ պատասխանատուների մեծ մասը։ Նրանք իրենց պաշտոնավարությունների ժամանակահատվածներում, դարան մտած գազանների սրաչքությամբ, մեծիմասամբ զբաղված են եղել անխնա կերպով՝ պետական օրենքների եւ նոր ընդունված ակտերի սողանքներով, երկրի վերերկրյա եւ ընդերկրյա հարստությունները կողոպուտի եւ առ ապուռի ենթարկելով։ Եվ այս ամենը այնպիսի ստորաքարշություններով, որ անգամ ձեռք են մեկնել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի սահմանները զօր ու գիշեր պաշտպանող բանակից զենք ու զինամթերք, վառելիք ու զինվորին հատկացվող սննդամթերք գողանալու, բազմամիլիոնների հասնող յուրացումներ կատարելը։ Այս ֆոնին, ակնհայտորեն, շինծու է դառնում նաեւ վերջին 1-2 տարում իշխանության կողմից ներդրված ազգ-բանակ ծրագիր-հասկացությունը։ Քանզի, հավանաբար, դա եւս պետք է ծառայեցվեն այն պատասխանատու-սրիկաների համար, որոնք գիշերը գողություն են անում, ցերեկը՝ «տեր ողորմյա» ասում։ Սա է իրականությունը, որից խուսափելը կամ էլ անտեսելը անհնար է։ Փաստենք, որ մեծ մասով վերոնշյալ հանգամանքներով է պայմանավորված նաեւ երկրից շուրջ 1.5 միլիոնի հասնող բնակչության արտագաղթը, ուղեղների չընդհատվող մեկնումները, առկա բնակչության ավելի քան 30 տոկոսի աղքատության ու չքավորության շեմին հասցնելը… Մի արգահատելի ու զազրելի պետական գործելաոճ, որը մեկընդմիշտ պետք է արմատախիլ անել, որի նախանշանները, բարեբախտաբար, իշխանության եկած նոր կառավարիչների նախաձեռնությամբ, կարծեք թե սկսվում են քայլ առ քայլ իրականանալ։ Եվ տա Աստված, որ այդ դժվարին գործընթացը՝ թերեւս այսքան ուշացումով, իրականություն դառնա եւ Հայաստան աշխարհը ձերբազատվի այսօրինակ չարիքներից ու հակաազգային գործելակերպից, փտախտից, ստի ու կեղծիքի ճիրաններից։

Մինչ այդ՝ պետք է փաստենք, որ մենք ազգովին, սերունդ առ սերունդ, անփութության ու անտարբերության աստիճանի անտարբեր ենք եղել մեր ինքնամաքրվելու, մեր միջից մարդկային բացասական գծերն ու մեր ազգային վարքուբարքը արատավորող երեւույթների դեմ պայքարելուց։ Ընդգծեմ նաեւ այն իրական հանգամանքը, որ իշխանությունից հեռացված պատասխանատուներից կամ էլ նրանց կողմնակիցներից, անշուշտ, կլինեն առանձին անձինք, որոնք կջանան այս կամ այն կերպով մեղմացնել, նույնիսկ արդարացումներ փնտրել նախորդ իշխանությունների գործելաոճերում եղած զանազան հանցագործությունները։ Սակայն, իմ հաստատ համոզմամբ, այդ գործընթացում՝ որքան էլ այն ցավոտ լինի, պետք է անզիջում լինել, որպեսզի հնարավոր լինի ի վերջո մաքրել դարերով ապականված մեր ավգյան ախոռները, վերականգնել ժողովրդի հույս ու հավատի կորուստը, շենացնել ու ամրապնդել հայկական պետությունն ու պետականությունը։ Քանզի, պետք է ի վերջո գիտակցենք, որ երկրին այս կամ այն չափով ծառայություններ մատուցած, պատվի ու կոչումների արժանացած ամեն մի անձ՝ իր գործունեության մեջ ու վարքուբարքով, պետք է մինչեւ վերջ կարողանա իրեն դրսեւորել արժանավոր քաղաքացի, երկրին ու ազգին նվիրված անկաշառ ու մաքրամաքուր անձ։ Այլապես, այս բարոյական սկզբունքները ոտնահարող ամեն ոք, որքանով էլ նախկինում արժանացած լինի պատվի ու հարգանքի, պետական պարգեւների ու կոչումների, անպայման արժանանալու է հանրության արհամարհանքին, դատափետմանն ու անեծքին, պարսավանքներին, կամ էլ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ամեն մարդու իր թոկով են խեղդում։ Այս ամենն անխուսափելի է դառնում, քանզի այսպիսի իրավիճակներում սխալմունքներ եւ հանցագործություններ կատարողին ներելն ավելի դժվար է դառնում, քան վրեժխնդիր լինելը։

Այդ տեսանկյունից հիշենք, որ Մ.Խորենացու Ողբը եւ նրա խոհափիլիսոփայական, պատմական ասելիքը նախորդ ժամանակներում եւս միակարծիք չի ընդունվել։ Օրինակ, որոշ հայ եւ օտար հայագետների (Ն. Ակինյան, Գ. Խալաթյան, Հ. Մանանդյան, Ա. Գուդշմիտ, Յ. Հյուբշման, Օ. Կարիեր եւ այլք ) կարծիքով, իբր Ողբը Խորենացու գրչին չի պատկանում, այն ոչ թե 5-րդ դ., այլ 8-9-րդ դ. գործ է, որտեղ պատմականորեն այնքան էլ ճիշտ չի ներկայացված Հայաստանի իրական իրավիճակը։ Այսպիսի եւ նմանատիպ ու տարատեսակ շատ ու շատ կարծիքներ են առկա։ Այնուամենայնիվ, հայագետների մի ստվար մասը հաստատապես գտնում է, որ Ողբը իրապես պատկանում է Խորենացու գրիչին եւ մասնավորապես «Ողբի այս վերջին մասը կարդացողը չպետք է գրվածը բառացի ընդունի, իբրեւ թե հայ ժողովրդի բոլոր դասակարգերը ապականված են եղել ամեն տեսակ մոլություններով եւ Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներոմ ու չարիքներով… Ողբի գրության ընթացքում, երբ հեղինակն այնպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը եւ անկախությունից զրկվելը, մեծ՝ անփոխարինելի ուսուցիչների կորուստը եւ իր կրած անձնական զրկանքները, նա համակվել է խոր, անսփոփ վշտով, ընկել է հուսահատության մեջ, եւ այս զգացմունքների ազդեցության տակ խտացրել իրական պակասությունները ու չարիքները, մասնավորն ընդհանրացնելով, պատահականին տարերային բնույթ տալով: Նկարագրված բացասական երեւույթները ոչ այնքան իրականության պատկերներ են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու» ¥Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1981, էջ 396¤: Մեկ այլ կարծիք՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Սարգսյանը քննության առնելով Ողբի վերաբերյալ հայագիտությունում առկա տեսակետները, հանդես է եկել Ողբի նոր մեկնաբանությամբ, նշելով, որ «մենք Ողբի երկրորդ մասը պիտի դիտենք ոչ թե որպես նկարագրություն, այլ նախատեսում, կանխազգուշացում: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Խորենացին իրապես ազդված եւ ցնցված է այդ, Լ. Զեքիյանի բառերով ասած, «կրկնակի վերջով», որը նրան նաեւ որպես «բացարձակ վերջ», մշտնջենական, անդառնալի վերջ էր ներկայացնում, անշուշտ կարող էր նախատեսել ողբի սարսափները, եւ այս արդեն ամենեւին չի հակասում նրա «Պատմությանը»: Այսպիսով, բացատրությունը հետեւյալն է: Ողբի այդ երկրորդ մասը, որն սկսում է «Վարդապետք տխմարք» բառերով եւ շարունակվում մինչեւ գրքի վերջը, ոչ այլ ինչ է, քան մարգարեություն, գուշակություն, եւ ոչ՝ կոնկրետ իրավիճակի նկարագրություն, ինչպես որ այն ընկալվել եւ ընկալվում է» ¥Գ. Սարգսյան, Մովսես Խորենացու Ողբը նոր մեկնաբանութ. «ՊԲՀ», թիվ 1, 1997, էջ 120¤:

Ղազար Փարպեցի պատմիչը, որը Խորենացու ժամանակակիցն էր, իր հանրահայտ Թղթում Խորենացու մասին շատ հստակորեն ընդգծել է, որ «Նա իր կյանքը անչափ անհանգիստ աշխատությունների եւ գիշեր-ցերեկ հայոց աշխարհը լուսավորող վաստակի վրա դրեց: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին եւ գետը թափեցին: Հրեշտականման այն Տերին նույն այդ անհանգիստ հալածանքներով մահու հասցրին եւ դեռ հիմա էլ անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են կռիվ տալիս» ¥Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982, էջ 483-485»¤: Այո՛, միշտ էլ դաժան ու տատասկապատ է եղել, բայցեւայնպես ոչ անհնար՝ ճշմարտության ու արդարության բացահայտման ուղիները։ Եվ այսօր եզակի հնարավորություն է ընձեռվել մեր ժողովրդին՝ հանուն Հայաստանի եւ ապագա սերունդների, խելամտորեն եւ արդարամիտ գործելու, որի բանալին գտնվում է ժամանակակիցներիս ձեռքերում։ Խոսքս ուզում եմ ավարտել 5-րդ դ. մեկ այլ մատենագիրի՝ Եղիշեի, խոսքերով. «անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երեւում է ապագան» հրաշալի եւ խորիմաստ պատգամ-խոսքերով։ Այնպես, որ մարդկային խիղճը երբեք չի քնում եւ ճշմարտությունն ու արդարադատությունն էլ որեւէ տեղ ու ժամանակում հավետ թաքցնելը հնարավոր չէ։ Այն ամեն դեպքում՝ թեկուզեւ ուշացումով, ի վերջո ի հայտ է գալիս։

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ

հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել