Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրն ու ընկերները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել. Նրանք ազատ կարող են լքել երկիրը

Հունիս 27,2018 23:03

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրն ու ընկերները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ էին Գագիկ Ազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Վլադիմիր Մխիթարյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայր Սարգիս Հակոբյանը:

Սակայն, օրերս Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքներն ու նրանց կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նրա խոսքերով՝ Վլադիմիր Մխիթարյանին ազատ են արձակել 2 օր առաջ, իսկ մյուսներին, 1-2 օրվա տարբերությամբ, ավելի շուտ են ազատ արձակել: Մեր հարցին՝ գրավի՞ դիմաց են ազատ արձակել, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, առանց գրավի, որեւէ խափանման միջոց չկա»:

Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին եւ Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հակոբյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Ալեքսանյանի խոսքերով՝ դատարանը որոշել է նրանց ազատ արձակել կալանավորման հիմքերի բացակայության հիմնավորմամբ. «Նրանց բոլորին էլ նույնաբովանդակ հիմքով կալանքը, որպես խափանման միջոց վերացվել է: Ներկայումս նրանք մեղադրյալի կարգավիճակում են, բայց այլ խափանման միջոց ընտրված չէ, այսինքն՝ անգամ ստորագրությամբ երկրից բացակայելու որոշում չկա»:

Մեր հարցին՝ այսինքն՝ ցանկացած պահի նրանք կարո՞ղ են հեռանալ երկրից, փաստաբանը պատասխանեց. «Այո, անգամ որեւէ կաշկանդվածություն չկա երկրից հեռանալու, ազատ տեղաշարժի սահմանափակում չկա: Ուզենան՝ դուրս կգան երկրից, բայց դուրս չեն գա: Մենք սպասում ենք դատարանի որոշմանը, որպեսզի պատշաճ ներկայանանք»:

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ներկայումս նախաքննական փուլն ավարտվել է, մեղադրական եզրակացություն կա, գործն ուղարկվել է դատարան. «Բայց չգիտեմ՝ դատարանը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ: Մենք ծանուցում չենք ստացել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930