Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ իննսուն աշխատանք՝ տարբեր թանգարաններից եւ մասնավոր հավաքածուներից:
Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ցուցահանդեսով Մինասը նորովի է ներկայացել:
«60-ական թվականներին նոր շարժում էր մտել հայկական կերպարվեստ եւ դա միայն Մինաս Ավետիսյանը չէր, երկու տասնյակ հրաշալի նկարիչներ էին: Հայ կերպարվեստին նոր շունչ հաղորդած այդ նկարիչներից մեկն էլ Մինաս Ավետիսյանն էր: Այսօր արդեն Մինասի ծննդյան իննսունամյակն է, մենք դիտում ենք վարպետի աշխատանքները եւ համոզվում, որ նրա արվեստը հայ կերպարվեստի պատմության մեջ իր արժանի տեղն ունի»,-հավելեց արվեստագետը:
Փարավոն Միրզոյանը կարծիք հայտնեց, որ Ազգային պատկերասրահը հրաշալի է կազմակերպել ցուցադրությունը՝ նոր մտածելակերպով, ժամանակի ոգուն համահունչ:
Նշենք, որ ցուցահանդեսը բազմակողմանիորեն բացահայտում է Մինասի գործունեությունն ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային եւ մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են փաստավավերագրական նյութերով:
Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այս պատասխանատու ցուցահանդեսին երկար են պատրաստվել, ու արդյունքն էլ արդարացրել է սպասելիքները:
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի խոսքով, Մինասի ակունքները մանրանկարչությունից են գալիս: Նա ասաց, որ հպարտ է Մինասի հայ լինելով, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ արվեստը սահման չունի եւ Մինասը զուտ հայկական երեույթ չէ:
Արման Ավետիսյանը՝ Մինասի որդին ասաց, որ շատ գործեր առաջին անգամ են ցուցադրվում: Ուրախ են, որ պատկերասրահը Մինաս Ավետիսյանի մասունքները ցուցադրելու նախաձեռնություն է ցուցաբերել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ