«Սփյուռքը միայն ֆինանսական միջոցների աղբյուր չէ: Սփյուռքը շատ ավելին է: Մենք վիթխարի ներուժ ունենք, վիթխարի ռեսուրսներ ունենք, որոնք կարող են աջակցել այս երկրի զարգացմանը, այս երկրի շենացմանը, ամրացմանը»,-այսօր այս մասին ասաց ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յագուբյանը՝ Together4Armenia հարթակի շնորհանդեսի ժամանակ:
«Միասին հանուն Հայաստանի»՝ ( www.Together4Armenia.am ) հարթակի նպատակը, ինչպես ներկայացրեցին դրա հեղինակները, աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ փորձագետների եւ Հայաստանի համայնքների ու հասարակական կազմակերպությունների միջեւ արդյունավետ կապ ձեւավորելն է:
Այս հարթակը ստեղծվել է Հայ բարեգործության ընդհանուր միություն-Հայաստանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունը՝ Եվրոպական Միության աջակցությամբ:
Together4Armenia-ն, ինչպես դրա հեղինակներն ասացին, խրախուսում է ինտելեկտուալ կամավորությունը, այն կամուրջ է տեղական նախաձեռնությունների եւ սփյուռքի հայ մասնագետների միջեւ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքը ծառայեցնել Հայաստանի մարզերի զարգացմանը:
«Մենք մասնակցում ենք այս ծրագրին երեխաների համար»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Նրա ներկայացմամբ՝ այս հարթակը խթանում է գիտելիքի եւ փորձի փոխանցումը, բարի կամքի դրսեւորումը, ինչը կարեւոր է Հայաստանի զարգացման ներկա փուլում. ««Միասին հանուն Հայաստանի» անվանումը շատ ճիշտ է ընտրված նման ծրագրի համար, սա հնարավորություն է սփյուռքի հասարակական կազմակերպությունների համար իրենց գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի զարգացման համար: Իհարկե, գումարը կարեւոր է, բայց Սփյուռքը շատ ավելին կարող է տալ եւ պատրաստ է տալ: Մենք լիահույս ենք, որ այս հարթակի միջոցով Սփյուռքի լավագույն մասնագիտական ներուժը կօգնի ամրապնդել Հայաստանի համայնքները՝ առավել ապահով եւ բարեկեցիկ միջավայր ստեղծելով հայ ընտանիքների եւ նրանց երեխաների համար»:
Մանրամասները` տեսանյութում
Բանախոսները նշեցին, որ 2016 թվականից ի վեր ավելի քան 60 մասնագետ սփյուռքից այս անվճար վեբ-հարթակի միջոցով իր փորձն է փոխանցել Հայաստանում ապրող մոտ 2100 բնակչի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ