Հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղացիների հետ։ Ընդունելության եկած քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։ Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրում էին, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։
Վալերիյ Օսիպյանը նրանց հավաստիացրեց, որ ոստիկանությունը անզիջում պայքարում է հանցավորության դեմ և կարվի ամեն ինչ չբացահայտված դեպքերը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ։
Կային քաղաքացիներ, որոնք առնչվել էին ոստիկանության կոնկրետ ծառայողների հետ և բողոքում էին նրանց գործողություններից, նաև՝ անգործությունից։ Վալերիյ Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։ Ինչ վերաբերում է քաղաքացիների ոստիկանության իրավասությանը չվերաբերվող խնդիրներին, դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։
Ոստիկանության պետը քաղաքացիներին պարզաբանեց իրենց անելիքները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ոչ միայն ուղղորդելով, այլև գործնական քայլերով։ Ընդունելությանը եկած քաղաքացիներից նաև առձեռն դիմում հանձնողներ եղան։ Ոստիկանության պետը դրանք տեղում ուսումնասիրեց՝ հանձնարարելով անհապաղ ընթացք տալ։ Քաղաքացիները Վալերիյ Օսիպյանին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, իրենց խնդիրները լսելու և աջակցելու համար։ Ընդունելությունները կրելու են շարունակական բնույթ։
ՀՀ ոստիկանություն