ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ իր համար պատիվ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ներկայացնել առաջին կին քաղաքապետին, քանզի այսօր արդեն հրամայական է վեր կանգնել պահպանողական էությունից ու ամրագրել կանանց` պետական կառավարմանը հավասար հնարավորություններով մասնակցելու իրավունքի նախադեպը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ Դիանա Գասպարյանն իր բարձր մասնագիտական որակներով կկարողանա վերականգնել քաղաքի խախտված հարաբերական անդորրը և պատասխանատվությամբ ու կանացի հոգատարությամբ կնվիրվի համայնքի կյանքի բարօրությանն ուղղված նվիրական գործին։
Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էջմիածին քաղաքի կառավարման ղեկն իրեն վստահելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, թեկուզ ժամանակավորապես, ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը։ Դիանա Գասպարյանը հայտնել է, որ հավատարիմ է լինելու օրենքի երկիր կառուցելու կառավարության որդեգրած քաղաքականությանը և այլևս բացառելու է որևէ հանցավոր տարրի ակտիվացման և ինքնագործունեության հնարավորությունը Էջմիածին քաղաքում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ վճռական ու կամային է տրամադրված քաղաքը բնականոն հունի վերադարձնելու, քաղաքում կարգուկանոն հաստատելու հարցում և միաժամանակ ընդգծել, որ քաղաքի շենացման ու բարեկարգման գործում ակնկալում է յուրաքանչյուր էջմիածինցու աջակցությունը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն