Ֆրանսաբնակ հանրահայտ սոպրանո Լիաննա Հարությունյանը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա մենահամերգով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում սոպրանո Լիաննա Հարությունյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը խոսեցին կայանալիք համերգի մասին։
Ասուլիսի սկզբում փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանն ասաց, որ Հայաստանում սպասում էր Լիաննա Հարությունյանին և հայրենիքը միշտ պատրաստ է տեսնել ամբողջ աշխարհով հայտնի դարձած իր հարստություններին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս համատեղ աշխատանքի համար շատ ուրախ է և հատկապես արժևորում է այն, որ Լիաննա Հարությունյանի նման հանրահայտ երգչուհին այդքան լուրջ բեմերում ելույթ ունենալուց հետո նույնիսկ իրեն չի փորձում գովազդել։
Լիաննա Հարությունյանն ասում է․ «Այս համերգի ծրագիրը պատրաստ է արդեն 4 տարի , սակայն չէր ստացվում իրականացնել, բայց ահա հիմա այն տեղի կունենա․ ես մեծ սիրով սպասում եմ ժողովրդիս հետ հանդիպմանը։ Արտերկրում շատ առաջարկներ բաց եմ թողել այս մենահամերգն ունենալու համար, որի համար իսկապես ուրախ եմ։ Տարբեր երկրների բեմերում ելույթ ունեցել եմ և հերթը Հայաստանինն է, ճիշտ ժամանակն է իմ երկրում համերգ ունենալու»։
Նշենք, որ համերգը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 28-ին, 19։00՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Կհնչեն Ջուզեպե Վերդիի, Պիետրո Մասկանիի, Ջոակինո Ռոսինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ջակոմո Պուչինիի եւ Ալֆրեդո Կատալանիի օպերաներից հատվածներ:
Միլենա ԲԱՐՍԵՂՅԱՆ