«Նիկոլ Փաշինյանին մեր շուրթերով վարկաբեկելու միտում եմ տեսնում»,-«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր օգտվելով հայտարարություն անելու իրավունքից՝ ասաց գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ նկատի ունենալով այն, որ քննչական մարմինները գործում առկա ապացույցների թվում ներառել են ՊՊԾ գնդում խմբի անդամների այն հարցազրույցները, որոնցում նրանք բացասաբար են արտահայտվում այդ ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին:
Պավել Մանուկյանը մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Հակոբ ենոքյանին դիմելով՝ կոչ արեց դատարանը չքաղաքականացնել: «Այսօր մենք ունենք միասնական ընտրված վարչապետ, եւ մենք՝ «Սասնա ծռերս», նրա հետ միասին ենք շարժվելու: Նա ընտրյալ է»,-խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ հայտարարեց Պավել Մանուկյանը:
Ամբաստանյալներից Արմեն Բիլյանն էլ հայտարարեց, որ «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի կողքին են:
Ապա Բիլյանը հիշեց՝ երբ ամիսներ առաջ ինքը հացադուլի մեջ էր ու չէր էլ պատկերացնում, որ որեւէ պատգամավոր կհետաքրքրվի իրենով, միայն Նիկոլ Փաշինյանն էր այցելել իր խուց՝ տեսակցելու:
https://www.facebook.com/aravot.am/videos/2049260231759148/
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբի անդամների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ հակասություններ կային: Ըստ «Սասնա ծռերի» գործով հրապարակված հեռախոսազրույցների վերծանությունների՝ Պավել Մանուկյանն ասել էր. «Նիկոլին մի լսեք, վերցրեք-գցեք զիբիլի վեդրոն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այո, այն ժամանակ համաձայն չի եղել Փաշինյանի հետ, հիմա համաձայն է: