Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը Հայկ Դեմոյանին անմակարդակ անվանեց եւ սպառնաց դիմել իրավապահներին

Հունիս 27,2018 17:20

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում, մեղադրանքներ հնչեցնելով` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հասցեին, որոնք այցելել էին թանգարան եւ Դեմոյանի ձեւակերպմամբ. «Բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսեւորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է»: Դեմոյանը նաեւ սպառնացել էր երկու պաշտոնյաների «մութ» անցյալի հետ կապված բացահայտումներ անել:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Ինքն այլեւս տնօրեն չէ, անցյալ տարվա դեկտեմբերին որոշում է կայացվել, որ ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, եւ դրա արդյունքում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Վարդանյանը: Ինքը անցած տարվա սեպտեմբերին մեկնել է ՀՀ-ից, սկզբում պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետեւ Գեւորգ Վարդանյանը…

Այս տարվա հունիսի սկզբին նա վերադարձել է եւ զավթել է տնօրենի սենյակը, օգտագործել է տնօրենի մեքենան: Հաշվի առնելով, որ դա ինստիտուտ է, թանգարան է, եւ աղմուկն այդ ինստիտուտի շուրջ ավելորդ է, մանավանդ, որ առաջիկայում արդեն կլինի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ խորհուրդը կորոշի նոր տնօրինի ընտրության ժամկետը, նրան պարզապես զգուշացրել ենք, որ այն, ինչ-որ նա անում է, հակաօրինական է, եւ նախարարությունը, իշխանությունը բոլոր իրավունքները ունեն դիմելու իրավապահներին այդ հակաիրավական գործողություններին վերջ դնելու համար»:

ԿԳ նախարարը անդրադառնալով Դեմոյանի այն մեղադրանքին, որ ներխուժել են իր աշխատասենյակ, ասաց. «Ես ԿԳ նախարարն եմ եւ իրավունք ունեմ գնալու ցանկացած վայր, որի հիմնադիրն է պետությունը: Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենների հետ, պարոն Դեմոյանը, որի ստատուսներից հասկացվում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում, ես փոխտնօրեններին հարց եմ ուղղել, արդյոք խնդիր ունե՞ն, որեւէ մեկը որեւէ բան չի ասել, հանդիպել ենք նաեւ անձնակազմի հետ, խնդիրների մասին չի խոսվել: Միայն հաշվապահն է ասել, որ փոխանցումների հետ կապված խնդիր կա, ասել ենք, որ առաջիկա օրերին լուծում կստանա:

Այսինքն` այն ապոկալիպտիկ իրավիճակները, որ ներկայացնում է պարոն Դեմոյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտի շուրջ, չկան, նա փորձում է ամեն ինչից շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի, ինչպես չեն ստացվել նախկինում իր բազմաթիվ սկանդալները»:

Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ պատրաստվում է դիմել իրավապահներին. «Գեւորգ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Հայկ Դեմոյանը տարբեր միջոցներով իր վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի ինքը հրաժարականի դիմում գրի»:

Իր եւ փոխնախարարի վերաբերյալ Դեմոյանի սպառնալիքների մասին էլ խոսեց ԿԳ նախարարը. «Թե ես, թե Հովհաննես Հովհաննիսյանը մութ պատմություններ չունենք, հետեւաբար որեւէ բացահայտում չի կարող լինել»:

Ֆեյսբուքյան գրառման մեջ իրենց հասցեին արված կոպիտ արտահայտությունների մասին էլ Արայիկ Հարությունյանը հետեւյալն ասաց. «Ակադեմիական շրջանակներին ոչ հարիր մարդու պահվածք է, անմակարդակություն է»:

Նաեւ հավելեց. «Այդ անձնավորության այսօրվա ստատուսն էլ ցույց է տալիս, որ ԿԳ նախարարությունը ճիշտ է արել, որ իր թանկարժեք ժամանակից որեւէ րոպե չի տրամադրել էդ մարդու հետ խնդիրներ լուծելու…Ինքը ո՞վ է, որ իր հետ գնանք առանձին խոսելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930