Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը նորածին թոռնիկին խեղդամահ արած կնոջ դատավճիռը թողեց անփոփոխ

Հունիս 27,2018 16:41

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի, 1961թ. ծնված Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում իր աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը:

Հ. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»), նա կալանքի տակ է 2017թ. նոյեմբերի 22-ից:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննության ընթացքում քրեական գործով մեղադրողը պահանջել է Հ. Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով:

2018թ. փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման:

Հ. Փայտյանի պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 27-ի դատավճիռը բեկանել, իր պաշտպանյալին արդարացնել՝ մեղսագրվող արարքը կատարելու մեջ նրան անպարտ ճանաչել:

Հունիսի 6-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան, դատավորներ՝ Ա. Մնացականյան, Մ. Արղամանյան) որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 27-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930