Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը հերքում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը:
«Ես այդ տեղեկատվությունը չեմ հաստատում, եւ նման տեղեկատվություն չունեմ»,-Aravot.am-ի՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմում գրելու մասին հարցին այսպես պատասխանեց Գեւորգյանը:
«Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել»,-երեկ լրագրողներին ասել է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, հավելելով՝ երեկ ավագանու նիստից քաղաքապետը բացակայել է, ինչն աննախադեպ է եւ սա եւս հիմք է վստահ լինելու, որ քաղաքապետը հրաժարականի դիմումը գրել է:
«Մարդը վատառողջ է, ի՞նչ է, իրավունք չունի՞ հիվանդանալու»,-այսպես արձագանքեց Գեւորգյանը Խաժակյանի հայտարարությանը:
Մամուլում շրջանառվում էր քաղաքապետի նոր թեկնածուի անունը. ըստ հրապարակումների, Տարոն Մարգարյանին փոխարինելու է ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը: Նա, սակայն, այսօր այս լուրերը հերքել է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ