Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2017-ի իր տարեկան զեկույցը:
Հարցին՝ ԱԱԾ-ի այս վերջին գործողությունների հետ կապված դուք խախտումներ տեսա՞ք, տարածված տեսանյութերում եւ առհասարակ, նաեւ սոցցանցերում տարածվող տեսանյութերի հետ կապված՝ շղթայակապ մարդու եւ այլն՝ Թաթոյանը պատասխանեց, որ այդ տեսանյութերը ինքն էլ է տեսել, դա դառնալու է քննության, առնվազն գնահատականի առարկա:
Նա ասաց, որ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը եւ պատասխանատվության խիստ միջոցների պահպանումը: Իրավական ընթացակարգերը դրա հետ մեկտեղ շատ կարեւորում է:
Թաթոյանը տեսակցել էր Մանվել Գրիգորյանին՝ ձերբակալման առաջին օրը եւ որոշ մանրամասներ պատմեց, թե ինչ հանգամանքներում է տեսել նրան ու ինչից է բողոքել Մանվել Գրիգորյանը: Նա ասաց, որ առանձնազրույց է ունեցել Գրիգորյանի հետ. «Ինքը նշեց, որ դեղերի կարիք ունի, բայց ձերբակալված անձանց վայրը պատշաճ արձագանք էր տվել, մեր առանձնազրույցից հետո բժշկուհին սպասում էր, որ հետազոտեր ու դեղերի հարցը լուծեր: Մենք խնդիր չենք տեսել: Միակ արձագանքը, որ եղավ, փաստաբանի ասածն էր»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ տեսանյութը հրապարակելուց առաջ Փաշինյանի հայտարարության հետ կապված քննադատություններ եղան, որ նա ուղղորդում է, դուք այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք՝ Թաթոյանը պատասխանեց. «Ես ընդհանուր խոսեմ, նկատում եմ, որ կան այդպիսի դրսեւորումներ, կոնկրետ պաշտոնատար անձանց հետ կապված կտանք մեր գնահատականները, ուսումնասիրություն ենք անում»: Նա ասաց, որ ցանկացած անձի հետ կապված, երբ նախաքննություն է գնում, պետք է օրենքով նախատեսված ընթացակարգերը պահպանել»:
Թաթոյանը նաեւ իր մտահոգությունը հայտնեց՝ խոսքի ազատության հետ կապված. «Վերջերս մենք էլ հայտարարություն տարածեցինք «Հրապարակ» թերթի հետ կապված, կար իրավիճակ, որ սոցցանցերում շատ ուժեղ սպառնալիքներ էին նաեւ տրվում: Մենք արձանագրեցինք, որ այդ վիճակն անթույլատրելի է: Հատկապես ներկա ժամանակամիջոցում անչափ կարեւոր է խոսքի ազատությունը, որքան կարողանանք՝ պիտի խրախուսենք այլակարծությունը, իսկ դա կարող ենք անել լրագրողի աշխատանքի շնորհիվ: Սա երաշխիք է, որ մենք ունենանք հանդուրժողականության մթնոլորտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ