«Քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում առաջընթաց կա, բայց խոշոր կոռուպցիոն ձկներին բռնելու հարցում առաջխաղացում չեմ տեսնում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, սփյուռքահայ իրավաբան Կարո Եղնուկյանը, որը վերջերս ազատվել է կալանքից:
«Մանվել Գրիգորյանն ինձ համար մեծ ձկներից չէ, նա ուղղակի փորձակատար է»,-դառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նշեց Եղնուկյանը, ապա հավելեց,-«Նույնը Վաչագան Ղազարյանին է վերաբերում: Որպես օրինակ ասեմ, որ որոշ անձինք օֆշորային գոտիներ են գումարներ տարել-բերել»:
Ապա Կարո Եղնուկյանը հայտարարեց. «Տվեք ինձ ազատ գործելու հնարավորություն, որպեսզի ձեռքերս կապված չլինեն, եւ վեց ամսում ՀՀ-ում կոռուպցիան կվերացնեմ»:
Եղնուկյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ինքն իրեն չի տեսնում որպես թեկնածու կամ որպես գործադիր մարմնում որեւէ պաշտոնյա, բայց կցանկանար, որ նշյալ հնարավորությունն իրեն տրվեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ