Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի կարող լինել ոչ արհեստականորեն արագացված, ոչ ձգձգված». Ջիանի Բուքիքիո

Հունիս 27,2018 15:55

Քիչ առաջ ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի տնօրեն Թոմաս Մարկեթի և հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի, հանձնաժողովի ողջ փորձագիտական անձնակազմի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի ու Միքայել Մելքումյանի հանդիպումը:

Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ հանդիպմանը ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ քննարկվե՞լ են: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց՝ քննարկվել է ՀՀ-ում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Մեր դիտարկմանը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների՝ ՀՀ-ում ամենաշուտը ե՞րբ հնարավոր կլինեն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Շուտ կամ ուշի խնդիր չկա: Ասացին՝ մենք ողջունում ենք ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացները և ինչպես միշտ աշխատել ենք ՀՀ-ի հետ, այնպես էլ հիմա պատրաստ ենք աշխատել, և մեր հարաբերությունները ՀՀ-ի հետ միշտ եղել են շատ կառուցողական: Ջիանի Բուքիքիոն ասաց՝ ձեր իրավունքն է փոխել Ընտրական օրենսգիրքը, դուք գնում եք ընտրական համակարգի փոփոխության ճանապարհով. ռեյտինգայինը հանում եք: Ես էլ ներկայացրի նաև մի շարք այլ փոփոխություններ, որ արվելու են. օրինակ՝ քրեական օրենսդրության մեջ պատասխանատվության մեծացման և ընտրակեղծարարության որոշ հոդվածներ վարչականից քրեական դաշտ բերելու առումով»:

Դառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված քննարկմանը՝ տիկին Զոհրաբյանը պատմեց. «Ջիանի Բուքիքիոն նշեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ ընտրությունները չպիտի լինեն ոչ արհեստականորեն արագացված, ոչ էլ արհեստականորեն ձգձգված: Պետք է բավարար ժամանակ քաղաքական ուժերին Ընտրական օրենսգրքի հանգիստ և պրոֆեսիոնալ փոփոխությունների իրականացման համար: Նաև շատ կարևոր է, որ ընտրությունների ժամկետի հարցում հիմնական քաղաքական դերակատարների միջև լինի կոնսենսուս: Ըստ Ջիանի Բուքիքիոյի՝ սա իրենց համար անչափ կարևոր է»:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց՝ Վենետիկի հանձնաժողովում հավաստիացրել են, որ երբ պատրաստ լինի Ընտրական օրենսգիրքը, իրենք անմիջապես կտան իրենց եզրակացությունը, և ամենակարևորը, որ քաղաքական կայունության խնդիրը երկրում լուծվի և որ ընտրական նոր գործընթացներից հետո ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցեր և հարցականներ քաղաքական ուժերի միջև չլինեն:

Մեր հիշեցմանը՝ ՀՀԿ-ականները մշտապես վկայակոչում են Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշումը, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններից հետո գոնե վեց ամիս պետք է, որ քաղաքական ուժերն ադապտացվեն նոր փոփոխություններին և հարցին՝ արդյոք այդ դիրքորոշումը նորի՞ց շեշտվեց և արդյոք հնարավոր կլինի՞ աշնանը կազմակերպել ընտրություններ, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Նրանք շեշտեցին՝ձեր կառավարության ծրագրում նշված է մինչև մեկ տարի ժամկետում, ուստի դա կարող է լինել ութ, յոթ ամիս, բայց չի կարող դա լինել արհեստականորեն արագացված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930