Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսուցիչը` ԿԱԻ ներկայացուցչին. «Ձեր ինստիտուտը պետք է փակել, նորից բացել»

Հունիս 27,2018 15:48

Հունիսի 27-ին, «Մեդիա կենտրոնում» Հայ ժողովրդի պատմության դասագրքերի թեմայով կայացած քննարկումը բավականին թեժ էր:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ դասագրքեր ստեղծելը դժվարագույն եւ անշնորհակալ գործ է: Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, նրա խոսքերով. «Գործող քաղաքական կուսակցությունների անձերի պարագայում մեր օրերի գնահատականն ամեն մեկը պատկերացնում է իր տեսանկյունից»:

Պարոն Մելքոնյանը հավելեց, որ նույնն էլ Արցախյան շարժման պարագայում է` ամեն քաղաքական ուժ գտնում է, որ իր դերակատարությունն ավելի մեծ է եղել:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը հավելեց, որ նորագույն պատմության ժամանակաշրջանը դպրոցական դասագրքերում ներկայացվել է հնարավորինս լավատեսական շարադրանքով, դրա համար էլ իշխանության լեգիտիմության խնդիրը միշտ էլ վիճելի է. «Եթե, օրինակ, դատական ատյանը չի վերանայել ընտրությունների արդյունքները, դու չես կարող գրել, որ այսինչը ոչ լեգիտիմ նախագահ է, կամ ոչ լեգիտիմ իշխանություն»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ չափազանց բարդ է պատմության դասագիրք գրելը, ասաց նաեւ, որ մեր դասագրքերի վրա աշխատելիս դրանք համեմատել են ՌԴ-ում եւ Եվրոպայում հրատարակված պատմության դասագրքերի հետ եւ դրական շարադրանքով ներկայացրել ամեն ինչ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի ձեւակերպմամբ, բոլոր հարցերը պատմության դասագրքում տոտալ զոմբիացման մթնոլորտից են, դրանցում կանխակալություն կա:

«Պատմության դասագրքում ներկայացվում է, որ Քոչարյան Ռոբերտը 1998թ. անցել է իդեալական ընտրություններում: Մարտիմեկյան իրավիճակը ներկայացված է լղոզված կերպով: Ստացվում է, որ երեխաներին խաբում և մանիպուլացնում են: Դասագիրք գրողները չեն տիրապետում երեխաների տարիքային սոցիալիզացիային: Երեխաները բոյկոտում են, մեծ մասը անգամ չեն բացում այդ գիրքը»,-հայտարարեց նա, ինչի հետ Էդիկ Մինասյանն ու Աշոտ Մելքոնյանը չհամաձայնեցին:

«Ինձանից ավելի ընդդիմություն չլինեք, այստեղ նստած են ձեր դասախոսները, մի քիչ էթիկան պահեք»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: «Այնպես արհամարհական ես խոսում, ես վիրավորվեցի, դու օբյեկտի՞վն ես, մենք էլ սուբյեկտի՞վ ենք»,-նեղացավ Էդիկ Մինասյանը:

«Դուք չեք ունեցել ակադեմիական ազատությունների դաշտը, որ կարող եք ունենալ, ենթարկվել եք ճնշումների,-պնդեց Վահրամ Թոքմաջյանը: -Դուք պատմության ֆակուլտետի դեկանն եք, չեք կարող լինել օրվա քաղաքական իշխանությունից եւ դիսկուրսից հեռու մարդ»:

Էդիկ Մինասյանն էլ հիմնավորեց, որ ընտրությունների արդյունքների մասին առաջնորդվել է պաշտոնական տեսակետով եւ զերծ է մնացել գնահատականներ հնչեցնելուց, ապա Թոքմաջյանին հարցրեց, թե ինչու նախկինում չի բարձրաձայնել իր դժգոհությունների մասին, ինչի հնարավորությունը միշտ ունեցել է:

Imagine կենտրոնի ծրագրերի զարգացման գծով պատասխանատու Մարիա Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դասագրքերի ստեղծումը պետք է իրականացնեն ոչ թե ակադեմիկոսները, այլ ուսուցիչները: Նրա համոզմամբ, լավ կլիներ, որ ընդամենը մեկ-երկու ակադեմիկոս ներգրավված լիներ, ավելի շատ մանկավարժներ, հոգեբաններ, հասարակագիտության ոլորտի ներկայացուցիչներ աշխատեին:

Աշոտ Մելքոնյանի խոսքերով, քանի որ 90-ականների սկզբներին, երբ քաղաքական պատմությունը հիմնականում կեղծված էր, պետք էր դեռ պատմության ողնաշարը ճշտել, հետո նոր հանձնել ուսուցչին. «Այո, ակադեմիզմը դասագրքի համար չէ, հիմա, բազմաթիվ դասագրքեր կան, եւ ուսուցիչները կարող են այդ բոլորն ի մի բերել եւ գրել նոր դասագրքեր»:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի հայ ժողովրդի պատմության, հասարակագիտության և եկեղեցու պատմության ուսուցիչ Տաթևիկ Սարդարյանն էլ փաստեց, որ պատմության դասագրքերը կուսակցականացված են: «Գրել եք, որ վարչապետն ունի ուժեղ դիրք, պատասխանատվությունն առաջին հերթին կրում է իշխող կուսակցությունը, լավ է չեք գրել իշխող ՀՀԿ-ն»,-տարակուսանք հայտնեց նա:

Մեկ օրինակ էլ բերեց դասագրքից քաղված. «Գրել եք, որ պաշտպանության նախարարության եւ հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ դեր է ունեցել Սերժ Սարգսյանը…Բայց միայն նա՞: Հասկանալի է, որ պատմությունը պետք է քաղաքականացված լինի, բայց այստեղ կուսակցականացված է»:

Տաթեւիկ Սարդարյանը ողջունելի համարեց, որ դասագիրքը պարունակում է Արցախյան քառօրյա պատերազմի թեման, սակայն ափսոսանք հայտնեց, որ չկան թվային տվյալներ, անուններ. «Ինչո՞ւ կան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները, բայց չկան, օրինակ, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի անունները»:

Մի պահ բանավեճն այնքան թեժացավ, որ անձնական հարաբերություններ պարզելու բնույթ ընդունեց: Քննարկմանը ներկա Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցչին Վահրամ Թոքմաջյանն ասաց. «Ձեր ինստիտուտը պետք է փակել, նորից բացել, դուք ո՞վ եք, որ ինձ պատմության չափորոշիչ թելադրեք…Կրթության հերը 25 տարի անիծել եք»:

Երբ գիտնականներն ասացին, որ Վահրամ Թոքմաջյանը սովորական մանկավարժ է, իրենք վաստակաշատ եւ գիտական աստիճան ունեցող գիտնականներ, բանավեճին մասնակցող մեկ այլ պատմաբան` Արտակ Մովսիսյանը տպավորիչ օրինակ բերեց` երբ բացվում էր Երեւանի պետական համալսարանը, Նիկոլ Աղբալյանը Լեոյի անունը ջնջեց, ասելով, որ նա ընդամենը ուսուցիչ է, մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ նա մեր պատմագրության առանցքային դեմքերից է:

Քննարկման ավարտին Աշոտ Մելքոնյանը արձանագրեց, որ իրավիճակ է փոխվել, եւ քննարկումը ցույց է տալիս, որ խնդիր կա ու պետք է դասագրքերը փոխել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը ` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930