Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 85-ին ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ էր»

Հունիս 27,2018 15:04

Պատմաբան Արտակ Մովսիսյանը «Մեդիա» կենտրոնում պատմության դասագրքերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, որ պատմության ցանկացած դրվագի պարագայում մոտեցումների եւ մեկնաբանության խնդիր կա: Նրա խոսքով, ինչպես համաշխարհային, այնպես էլ հայոց պատմությունը բազմաթիվ հարցականներ ունի, այլ հարց է, թե դրանից որը կարելի է ներառել միջին դպրոցի դասագրքում, որը` ավագում, եւ որը համալսարանում:

Նա օրինակ բերեց քրիստոնեության ընդունման հարցը, ասաց, որ Բաբկեն Հարությունյանը դասագիրք գրելիս նշել էր, որ ավանդաբար ընդունված թվականն է 301-ը, սակայն գիտական վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա 305 թվականն է:Արտակ Մովսիսյանի խոսքերով, շատերը բողոքեցին այդ դասագրքի դեմ, նաեւ Էջմիածինը բողոքեց, եւ դասագրքի ողջ տպաքանակը հավաքեցին ու նորից տպեցին` առանց այդ տողի:

Արտակ Մովսիսյանը հիշում է, որ Բաբկեն Հարությունյանին այն ժամանակ ասել էր, որ տեղին չէ 5-րդ դասարանի երեխային նման բաների մեջ խճճելը:

Նա մեկ այլ վիճահարույց հարցի անդրադարձավ. «Օրինակ, ՀՀ 3 նախագահների նկարը դրված է: Այսօր Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեծ հայհոյանքների են արժանանում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին բան չի ասվում: Հիմա ի՞նչ կարծիքի եք, շրջանառե՞նք, որ Դաշնակցության «Ազատամարտ» թերթը 1993-ին տպագրեց, որ դեռ 1985 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ԿԳԲ ավագ լեյտենանտ էր, դրա համար էլ փակեց Դաշնակցությունը»:

Պատմաբանը հավելեց. «Երբ 1993-ին փաստաթուղթը տպագրվեց, ԿԳԲ-ի բաժնի վարիչը Հարությունյանն էր, որը տվել էր ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնութագիրը, ինքն այդ ժամանակ Ազգային անվտանգության ղեկավարն էր, ելույթ ունեցավ եւ չհերքեց դա:

Փաստորեն, 1985 թ. ՀՀ ապագա նախագահը ԿԳԲ-ի լեյտենանտ էր, հիմա այս մասին գրո՞ւմ ենք, թե՞ չենք գրում դասագրքերում… Այդ մարդը ՀՀ առաջին նախագահն է, որի օրոք տարածքներ ազատագրվեցին, ռազմական հաղթանակներ գրանցվեցին: Պատկերացրեք` աշակերտը կարդում է, ասում է` այս ինչ լրտեսների, դավաճանների հավաքածու է»:

Արտակ Մովսիսյանն ասաց, որ ասածը կարող է հիմնավորել, պատրաստ է ցույց տալ «Ազատամարտի» այն համարը, որտեղ հրապարակված է եղել համապատասխան փաստաթուղթը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930