Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում են Արամ Սարգսյանին, որոշ ԵԿՄ-ականներ ընդդիմանում են՝ «չկռված տղե՞ն»

Հունիս 27,2018 14:32

ԵԿՄ-ի ապագան ինչ է լինելու: Այսօր այս թեմայով «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ԵԿՄ-ականներն իրենց մոտեցումները ներկայացրեցին: Նախկին ԵԿՄ-ական, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը պատմեց մի շարք չարաշահումների մասին, որոնք եղել են ԵԿՄ-ում. «Երբ ԵԿՄ-ում սկսեցին վաճառվել վկայականներ, զինանշաններ, նշաններ, պարգեւատրվեցին մարդիկ, կարող եմ ասել՝ պետականի գինն ինչքան էին վերցնում, անհատականինը ինչքան, գերատեսչականինն ինչքան: Պատերազմ անցած տղաները 90 տոկոսով զերծ մնացին ԵԿՄ մուտք գործելուց: Հետո Ալբերտ Բազեյանին բերեցին…Վարչությունում մի գիշերվա մեջ ԵԿՄ սուրբ տղաներին, ազնվաբարո տղաներին սարքեցին ԵԿՄ-ական հանրապետականներ, հետո դուրս մղեցին ՀՀԿ-ից, տղաների մեծամասնությունն այդ ժամանակահատվածում պետք է դիմում գրեր, ԵԿՄ-ից դուրս գար, պահվեցին դրա փոխարեն ու մնացին առ այսօր»:

Նա պատմեց, թե ինչպես է ԵԿՄ-ից անհետացել քարտադարանը. «Այդ ժամանակ միանշանակ, պետք է լուծարվեր կառույցը՝ ԵԿՄ-ն: Հետո կարծիքներ եղան, թե տարել են ԿԳԲ, պատճենել են, հետ են բերել, հետո Արաբոյի Մանվելի վրա գնաց տվյալները, անցան որոշ ժամանակներ, Բազեյան Աբոյին բերեցին նոր վարչության նախագահը՝ Գրիգորյան Մանվելը: Իր ժամանակ եւս մեկ անգամ անհետանում է ԵԿՄ-ում քարտադարանը: Իմ տվյալներով՝ այդպես էլ քարտադարանը չի վերականգնվել, նոր քարտադարան է ստեղծվել:

Ըստ նրա, ԵԿՄ-ականների համար ցավ էր տեսնել, որ արջերն են ուտում այն, ինչ նախատեսված էր իրենց համար. «Անարժանները վայելեցին, իսկ մենք մնացինք դատարկաձեռն, մենակ զրկանքների, ձեռք բերված հիվանդությունների, կոտորված մարմնի մասերի բուժողը եղանք»:

Արա Խուդավերդյանն ասաց, որ մի անգամ իրեն ընտրել են, հիմա էլ հույս ունի, որ կընտրեն Երկրապահ կամավորական միության նախագահ. «Ապագա երկրապահը, երբ ես լինեմ միության նախագահը, եթե ընտրվեմ, առաջին հերթին լուծարելու եմ ԵԿՄ-ի վարչությունը, ստեղծվելու է միություն, միության նախագահ, միության խորհուրդ եւ վարչություն: Միության խորհուրդը վերահսկելու է վարչությանը եւ ԵԿՄ-ի տեղային ինքնակառավարման մարմիններին»:

ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ ԵԿՄ նախագահը Վազգեն Սարգսյանն է ընտրվել եւ առ այսօր նա է: Նա ասաց, որ համաձայն չէ, որ ԵԿՄ-ից 90 տոկոս կռված տղերքը գնացին. «Բազմաթիվ ազատամարտիկներ վերջիվերջո մնացել են ԵԿՄ-ում ու շարունակել են իրենց անդամությունը, ես ստանձնել եմ Շենգավիթի բաժնի հիմնադիր նախագահի պաշտոնը ԵԿՄ-ի, չափորոշիչն այնտեղ նա էր, որ պետք է պարտադիր լիներ պատերազմի մասնակից, հատ-հատ ստուգվել է գործերը, մարտական ուղիները: Ուրիշ բան է, թե դրանից հետո ինչ է եղել, ես բաժանմունքի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել 2001-ին՝ ինչ-ինչ անհամաձայնությունների համար»:

Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ առաջիկայում ԵԿՄ համագումարն է լինելու: ԵԿՄ վարչությունը արդեն իսկ ինքնըստինքյան կլուծարվի, համագումարը կորոշի կանոնադրական խնդիրների վերաբերյալ հարցը:

«ԵԿՄ-ի համար Մանվել Գրիգորյանի հարցը փակված է»,- ասաց Մխիթարյանը: Հարցին՝ նրան չե՞ք պատրաստվում լսել՝ ազատամարտիկը պատասխանեց. «Մի օրում չի եղել դա, որոշ բաներ մենք տեսել ենք, պայքարել ենք, արգելել ենք, եկավ հասավ այն օրը, որ այսպես պետք է լիներ»:

Ռոմիկ Մխիթարյանը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում է Արամ Սարգսյանին. «Նա այն մարդն է, որն ընդունված է բոլորի կողմից»:

«Որ չկռված մարդը գա ԵԿՄ վարչության նախագա՞հ, նա ընդունված է միայն իրեն առաջարկողների կողմից», – արձագանքեց Արա Խուդավերդյանը: Մխիթարյանն էլ հակադարձեց, թե Հիսուս Քրիստոսն էլ բոլորի կողմից ընդունված չէր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930