Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հունիս 27,2018 14:06

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

 

Եւ տղան մտածեց, որ փափախչին իր լսածն է ասում, իր բերանով ուրիշի կողմից իր գլուխը մտցրածն է ասում, իր մտածածը չէ, իբր՝ «խի՞ իրար տվիք-կոտորեցիք՝ մեր կյանքը թանկացրիք»։ Ու տղան հեռակա կարգով տեսավ այդ ամենը։ Որբ մեծացած, տանջված հոր ձեռքերով ճոխ-կառուցված, թուրքի կողմից ռմբահարված իրենց տունն ու կահկարասին, ինչքն ու կացը՛։ Թուրքի գնդակներից ծակծկված մեծ ու լայն երկաթե դարպասն ու դարպասին շաղ եկած գլխուղեղով ու դարպասի առաջ փռված հոգեկան-հիվանդ Գուլյային, որ ընդհանուր խառնաշփոթի մեջ հոգեկան իր խանգարվածի ուղեղով էլի դեպի տղայի կամեցող մոր մոտ էր փախել-եկել խաղաղ օրերի սովորության թելադրանքով, եւ ձեռքը դարպասի բռնակին, թիկունքից թուրքի արձակած գնդակից մեխվել, Աստծուց հասած իր բաժին գլխուղեղը դարպասին շաղ տվել, եւ աստվածային իր միամտությամբ էլ գնացել էր այս աշխարհից. ո՞ւմ կողմից, ինչի՞ համար… հարցերն անգամ չտալով։

Ու տղան տեսավ այդ ամենը. գոմում վառվող գառների մայունն ու տուն-տեղ-հարազատներ կորցրած համագյուղացիների վայնասունը։ Սյունին գամված-կիսավառված-կույր-անուժ-արդեն սպանված Սաթենիկ տատիկին եւ Հայրենական պատերազմում զոհված գյուղացիների հիշատակին կառուցված հուշահամալիրի պարսպի տակ հոշոտված-զառամյալ ամուսիններ Վարդան-դայուն եւ Անիկա-հասուն. երբ թուրքը Անիկա-հասուն սպանել, փորը մաքրել-պարսպի դեմ նստեցրել-պարսպին հենել, Վարդան-դայու գլուխը կնոջ փորն էր մտցրել։ Տեսավ հաշմանդամ ու անոտ Եփրեմ-դայուն, որ սողեսող գիշերվա մթության տակ թուրքից փախել, եւ կողքի անտառում բորենուն էր կեր դարձել, տեսավ բռնաբարված ու անպատմելի ծաղրուծանակի ենթարկված 80-ամյա Հայկա-հասուն, մինչեւ հիմա անհայտ կորած Արմենակ-դայուն, անմայր մնացած մորաքրոջ երեխաներին, եւ քրոջ վաղաժամ կորստյան-մոր տվայտանքները, իրենց բոլ ու առատ սեղանները, տուն-ունեցվածքը թողած, սոված-ցաքուցիր համագյուղացիներին։ Ու փափախչու խոսքերը նորից խփեց տղայի գլխին՝ «…իրար տվեցիք, ամեն ինչ թանկացրիք»։

Եւ տղան ակամա ու հեռակա կարգով… պրկված հացի հերթում տուն-տեղը կորցրած, 68-ամյա ռամիկ ու սակավախոս իր հորը տեսավ-պատկերացրեց, որ հանդգնել ու հացի կտրոնները խանութպանին երկրամասի հարազատ բառ ու բանով էր մեկնել եւ 68-ամյայի իր լեզուն հարազատ բարբառով էր հասանելիք մի քանի գրամ հացը խնդրել, ու պրկված-հերթի կանգնածները երեւի նույն տեսքով էլ հրապարակներում էին կանգնել միտինգների ժամանակ հոխորտալից ու՝ «Պայքա՜ր, պայքա՛ր մինչեւ վերջ» են երգել դասը լավ յուրացրած աշակերտի նման՝ հենց այդ բարբառը իրենցն ունենալու եւ իրենց միացնելու համար, սակայն հիմա հացի խնդիր է, ու որկորի հարց է, եւ 68-ամյա բամփված հայրը ամբողջ ամսվա նույնպես փախստական-անչափահաս թոռների հացի կտրոնները պատռել-շպրտել ու ձմռան ցրտին հանրակացարանի տղայի մի սենյականոց բնակարանում սոված թոռներից երեսը շրջել, կուչ էր եկել խռոված-ինքնամփոփ.

– Ասում են՝ մենք զոհվում ենք, դուք փախել-եկել-մեր բաժին հացն եք ուտում. ո՞ր մեկին պատմես՝ ինչե՜ր ենք քաշել, ինչե՜ր ենք տեսել՝ ապրելու տեղ չունենք՝ տուն չունենք՝ փախստական ենք:

Եվ տղան եղբորը տեսավ-հիշեց. որ խրամատներում թավալվելուց-քարշ գալուց, մի բռունցքի չափ լեղի-թարախը լեղապարկի մեջ քարացրել-հավաքել-հոսպիտավորվել էր, ու վիրահատության գումարը չունենալուց այլայլվել-պատուհանը բացել-հիվանդանոցի գլխավորին գլխից վեր բռնել ու իր կարծիքով վախեցնում էր Հիպոկրատին անաչառ երդում տված այդ սպիտակխալաթավորին. «Շպրտե՞մ, շպրտե՞մ, իմ համար ե՞մ կռվել, իմ համար ե՞մ կռվել»։ Ու տղան պատկերացրեց, հեռակա կարգով պատկերացրեց՝ Էլչիբեյը ջլուտ-թուրքավարի-լողազգեստով Սեւանա լճից դուրս եկել, լողացել-դուրս եկել-թաց մորուքն է չորացնում ու սանրում, իսկ Վանքից՝ գերեվարված-պարտավորված հայուհի-գեղուհիները պորտապարով-արեւելյան կոնքերի ճոճքով ընդառաջ են մղվում անհեռակա հայացքներով…

Ու տղան նեղացած-հոգնած-խռոված հոր խոսքերն ակամա ու հեռակա կարգով հիշեց, բայց նաեւ հեռակա կարգով ու թախիծով տեսավ Եռաբլուրն ու Եղբայրական գերեզմանոցը, այդ «մենքի՛» հետ հիմնովին կապ չունեցող… հայ-ռամիկ-վարչարարի, հայ-ռամիկ-զորավարի, հայ-ռամիկ-գրողի եւ գիտնականի, հայ-ռամիկ-գյուղացու եւ բանվորի, հայ-ռամիկ-օրենսդիրի ու ծառայողի զավակներին ու հարազատներին. ում պայծառ հոգիները թեւածում են Եռաբլուրի ու Եղբայրական գերեզմանոցի եւ սովորականներիս վրա, թեւածում ու տեսնում են, տեսնում ու գիտեն, որ սնամեջ մեր հալով անվերջ դատարկաբանում ենք, անվերջ դատարկաբանում ենք։

Եւ տղան ուրախությամբ-հետին թվով տեսավ, հեռակա կարգով տեսավ ու հետին թվով հիշեց այդ պատմությունը, հետին թվով հիշեց այդ պատմությունը. առաջին դիրքերից հետ, տղաների դիտակետը վազող Զավոյին, որ հեւիհեւ-մի ոտը իր սովորությամբ կախ գցած վազում եւ տղաներին ձեռքով-գլխով թուրքի տարածքի ուղղությունը ցույց տալիս ու ձեռքերով արգելում է՝ չխփե՛ք, մերոնք են, չկրակեք, հայերեն են խոսում, եւ տղան հետին թվով ուրախությամբ հիշում է, երբ Զավոն եկել ու խառնելով-հապճեպ բացատրում է, հապճեպ բացատրում է հրճվալից՝ հաղթանդամ-մորուքով տղա է, ատամները կրճտացնում եւ բառերը կտրուկ-կտրուկ է խոսում, հետեւից թիկնապահ ունի, եւ մի երկու-երեք հոգի էլ մերոնցից…՝ մի բոյով-ձիգ տղա է, խրամատի վերեւը-բաց կանգնել, շրջապատին նայում-ինքն իրեն հիանում է, ասում է՝ էս ծաղիկն ի՞նչ ծաղիկ է, ո՞նց է կոչվում, էն կանաչ անտառը մե՞րն է, թե՝ թուրքինը, բա հիմա վախում ե՞ք, թե չեք վախում, էն սարի գլխի եկեղեցին ո՞ր դարի է, հետո շրջվում, թիկնապահին ու թիկունքից եկողներին Րաֆֆուց է մեջբերումներ անում, մենք ասում ենք՝ առաջ մի գնացեք, հակահետեւակային ականներ կան ու լավ-հաղթանդամ երեւում եք՝ թուրքերը կխփեն, եւ իբր բա հիմա ի՞նչ ենք անում, ասում է՝ դուք սուս ու փուս հողը պահեք, թողեք էս բնությունով մի-լա՜վ… հանգիստ-հիանամ՝ ինձ խփող չկա։ Արմե՛ն, արի, դու կիմանաս, երեւում է՝ մեր կողմերից չի ու Հայաստանի լեզվով է խոսում, եւ բնությունով շատ է հիանում, երեւում է՝ մեծերից է, ու անտառի, քոլի շատ կարոտ ունի։

Եւ տղան ուրախությամբ հիշում է հեռակա կարգով, գնաց ու մի օր առաջ հարձակման ենթարկված իրենց դիրքերում Սպարապետին տեսավ, որ հիմա էլ խրամատում զինվորներին գլխին հավաքած, մի քանի օր առաջ գյուղում իրենց գործին, բայց հիմա զինվոր դառած-սահմանին կանգնած տղաների հետ ու նրանց նման թրթնջուկը կոլոլում-ուտում ու բացատրելու պես պահանջում էր՝ պիտի պահենք. է՛ս ծաղիկը, է՛ս բնությունը, է՛ս հողը, է՛ս հողի վրա ապրող ժողովրդին, է՛ս հարցը մե՛զ ու մե՛ր սերնդին է բաժին ընկել, կասկած չլինի, մի կտոր կասկած չլինի՝ հաղթելու ենք՝ ես եմ ասում։ Հետո այդ ամբողջ ժամանակ կարծես ուզում էր նայել, բայց ժամանակ չուներ, ու հիմա Հակոյին եւ Գեւոյին հետաքրքիր նայեց։ Երկուսն էլ դպրոցական են, խրամատում նստած տղաներին հաց ու ջուր են բերում գյուղից, երկուսն էլ նույն բոյի, փոքր մարմնով-մեծ գլխներով, եղբայրներ չեն-հարեւաններ են, իրենք էլ իրենց մարմնի ու գլխների համար իրար ձեռ են առնում՝ ո՞ւմ հերը՝ ո՞ւմ չափարն է անցել թաքուն-գիշերով. համագյուղացի տղաների համար նրանք արդեն սովորական ու յուրային են, բայց անծանոթի համար՝ անսովոր է, նամանավանդ, ինքնաձիգ շատ են սիրում, եւ ինքնաձիգները պարապ-կողքի ընկած ժամանակ մաքրելու, լիցքավորելու պատրվակով իրենք են վերցնում իրենց ձեռքը ու հիմա ուսերին գցած-ուղիղ կանգնած են Սպարապետի առաջ լիլիպուտների անթարթ լրջությամբ, եւ Սպարապետը աչքով արեց. «Չէ, Արմեն, քանի Հակոն ու Գեւոն էսպես պինդ-ինքնաձիգով կանգնած են սահմանի բերանին, թուրքը ձեր գյուղ չի մտնի»։

Հետո, տղաներն ուրախ-հռհռում էին Սպարապետի բնական-մերոնքական պահվածքից ու դիպուկ խոսքից, բայց հռհռալու առիթն այնքան Հակոն ու Գեւոն չէին, ինչքան այն գիտակցությունը, որ չնայած՝ իրենք հեռու ու թուրքի բերանին են կանգնած, բայց մայր-Հայրենիքից կտրված չեն ու թարմ օրինակն իրենց մեջներն-իրենց հետ նստած Սպարապետն է, որ կես ժամ առաջ է ուղղաթիռով մայր-Հայրենիքից եկել, եւ լսելով, որ նախորդ օրն այստեղ կռիվ է եղել, որոշել է իր ներկայությամբ տղաներին ոգեւորել։ Թարմ օրինակը մայր-Հայրենիքից նոր եկած Սպարապետ-Զորավարն է, որ իրենց հետ ու իրենց նման բռան մեջ թրթնջուկը կոլոլում-ուտում է, եւ ինչքան էլ իրենք հեռու, սակայն մայր-Հայրենիքից կտրված չեն, եւ մայր-Հայրենիքն իրենց հետ է, ու կես ժամում իրենց կհասնի։

 

Սարմեն Ղահրամանյան

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930