Aravot.am-ը արդեն հրապարակել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանի պատասխանը «Արդարությունը զարմանալիորեն հաղթեց» եւ «Ով է համարձակվում խոսել բարոյականությունից» հոդվածներին: Վերջին հոդվածում անդրադարձ կար նույն դպրոցի ծնողկոմիտեի նախագահ տիկին Անահիտի վերաբերյալ անհարգալից արտահայտվելուն: Ընդ որում, տիկին Անահիտը հաշմանդամություն ունեցող երկու երեխաների որդեգիր է ու դպրոցի կոլեկտիվի եւ շրջապատի բնորոշմամբ՝ պարկեշտ անձնավորություն:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անահիտը նշեց, որ 2013-ից այդ դպրոցի ծնող է, իսկ 2017-ի սեպտեմբերից ընտրվել է ծնողխորհրդի նախագահ եւ լիարժեք իրականացրել իր գործառույթները: Նաեւ հայտնեց, թե ինչից են լարվել տնօրենի եւ իր հարաբերությունները:
«Ինձ որպես ծնող կանչել էին դատարան` Թամարայի (նկատի ունի դպրոցի նախկին փոխտնօրեն Թամարա Գեւորգյանին, որին տնօրենը ազատել էր աշխատանքից, սակայն նա դատարանով վերականգնել է իր իրավունքը-Գ. Հ.) հետ կապված, ինչ-ինչ թղթեր էին ներկայացրել, որ ինքն անհավասարակշիռ պահվածք ունի, չի կարող աշխատել դպրոցում, իսկ ես ասացի, որ նման բան չեմ նկատել, ճիշտ հակառակը, մարդը որեւէ տարօրինակ վարք չի ցուցաբերել: Խոսակցության ընթացքում տնօրենը միջամտեց` ասելով, որ տիկին Անահիտը մեր դպրոցի ծնողխորհրդի նախագահն է: Հարցրին, թե ինչ գործառույթներ ունի նախագահը, ես էլ ներկայացրի, իմ ասածը բավարար համարեցին: Դրանից հետո, առաջիկա ժողովի ժամանակ տնօրենը հարցրեց, թե ինչու էի գնացել դատարան` առանց ծնողխորհրդին տեղյակ պահելու, ես ասացի, որ որպես քաղաքացի էի գնացել, որպես ծնող: Տնօրենն ասաց, որ իրավունք չունեի, ավելին, ասաց, որ իմ նմանները իրավունք չունեն ծնողխորհրդի նախագահ լինելու»,-պատմեց տիկին Անահիտը:
Նա տեղեկացրեց, որ իրեն վիրավորելուց հետո տնօրենը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլեւ չի էլ զղջացել. «Ինչպե՞ս կարող է մարդը, տղամարդը, դպրոցի տնօրենն իրեն նման բան թույլ տալ, երբ այդտեղ ներկա էին ծնողներ, դաստիարակներ… ՀՀ օրենքը ինձ, իմ ամուսնուն եւ իմ ընտանիքին թույլ է տվել, համարել է, որ արժանի ենք հաշմանդամություն ունեցող երկու երեխա որդեգրել, դա ինչ-որ բան ասում է, չէ՞, մեր բարոյական կերպարի մասին: Ի դեպ, ես պահանջեցի, որ քարտուղարն անմիջապես արձանագրի կատարվածը, նաեւ նկարեցի թուղթը` հաշվի առնելով, որ հետո կարող են փոխել` ելնելով թշնամական մոտեցումից… Մի՞թե իմ ասելով է դատարանը տիկնոջը վերականգնելու որոշում կայացրել, որ տնօրենը վիրավորեց ինձ»:
Տիկին Անահիտը հավելեց, որ չէր կարող «կուլ տալ» այդ տեսակ վերաբերմունքը: «Ինձ վիրավորել եւ անպատվել է, պիտի լռեի՞… Իմ երեխան որդեգիր զավակ է, ինքը երջանիկ է, մենք ավելի երջանիկ ենք»,-ասում է մեր զրուցակիցը: Նաեւ նկարագրում է ստեղծած մթնոլորտի անդրադարձը իր որդու վրա: Պատմում է, որ խնդրել էր` որդու` Հովհաննեսի ճաշը մի քսան րոպե շուտ տալ, քանի որոշ երեխան կոնսերվատորիայում փորձերի է մասնակցում: Տիկին Անահիտի խոսքով, թշնամական վերաբերմունքի դրսեւորում էր, որ հրահանգվել էր Հովհաննեսին հասանելիք ճաշը սահմանված ժամից ավելի շուտ չտալ, ինչպես արվում էր նախկինում: Բայց ինքը երեխայի մոտ չի ցանկացել դպրոցի հասցեին վատ արտահայտվել, որովհետեւ չի ուզել, որ որդին հիասթափվի հարազատ դպրոցից:
Տիկին Անահիտը նաեւ տարակուսած է, որ տնօրենն ասել է, թե ինքը չի կարող ապացուցել իրեն հասցված վիրավորանքը, այն դեպքում, երբ 10-12 հոգու ներկայությամբ է արտահայտվել. «Ինքը (տնօրենը-Գ.Հ ) մանկավարժական խորհրդի ներկայությամբ ասել է թքած ունեմ, բայց չէ՞ որ իր սեփական այգում չի եղել, ինքն էլ բոլորի նման աշխատող է այդ կառույցում, ո՞վ է իրավունք տալիս, որ թքած ունենա, ինչպես ինքն է ասում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ