Այս օրերին, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը, ՀՔԾ-ն ու ՔԿ-ն, կարելի է ասել, մոլեգնում էին, որեւէ «դուխով» գործարարի կամ հանցագործի ձեռք բռնած կա՞ն: Երեւանում, օրինակ, մի խանութ կա, որի մուտքին վազող տողով գրվում է. «Համեցեք դուխով»: ՊԵԿ-ն այս ընթացքում հետաքրքրվե՞լ է, արդյոք, այդ խանութն իր բոլոր հարկերը վճարո՞ւմ է: Հայերիս դժվար է զարմացնել որեւէ հնարամտությամբ: Մեկն իր մեքենայի վրա գրել է՝ «Դուխով», ու «տաքսավատ» է անում: Հարցրե՞լ եք, արտոնագիր ունի՞, հարկ վճարո՞ւմ է: Նախարարի մակարդակով ասում են` Արմավիրից ծիրան արտահանողները հավաստիացրել են, որ ռուսաստանահայերի շրջանում հատկապես մեծ պահանջարկ են վայելում «դուխով» մակագրությամբ ծիրանի արկղերը: Ճիշտն ասած` 6 տարի ռուսաստանահայ եմ եղել, բայց երբեք ծիրանի արկղի հանդեպ որեւէ պահանջարկ չեմ զգացել: Ինձ ծիրանն է հետաքրքրել, նրա հայկական լինելը: Կիրովաբադցի թուրքերն իրենց անհամ ծիրանը «հայկականի» տակ են սաղացնում, մերոնք` «դուխովի»…
Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը հեղափոխության ջերմ պաշտպաններից է: Նա, անսալով ՊԵԿ-ի եւ մյուսների «հզոր բացահայտումներին, մի շրջան գրեթե հրաժարվեց սուպերմարկետի ներսում միրգ վաճառելուց: Բայց ամենահաս գործարարը «թույլատրեց» սուպերմարկետին հարող տարածքներում` մայթերի վրա, հենց մուտքի մոտ միրգ ու բանջարեղեն վաճառել: Երեւանը երկու օրում վերածվեց արեւելյան բազարի: Այսօր փողոցի մրգավաճառները պակասել են: Կարելի՞ է հարցնել` այդ ի՞նչ ռեֆորմ կատարեցին մեր կառավարությունն ու ՊԵԿ-ը, որ մրգի փողոցային առեւտուրը կրկին խանութ տեղափոխվեց: Երեւի հասկացել են իրենց սխալն ու Սամվել Ալեքսանյանին «խնդրել»` անցնել հին ձեւին:
Այս ամենը, ինչպես նաեւ առանձին նախարարների` սեփական գերատեսչությունների որոշ ստորաբաժանումներ փակելը, դրանց ղեկավարներին չարաշահումների մեջ մեղադրելը, նրանց դեմ դատեր հարուցելը պարզորոշ հուշում են, որ նորերը, կոռուպցիան վերացնելու փոխարեն, կարող են իրենց կամքից անկախ ծնել նոր` «դուխով» կոռուպցիա, որի իրավունքը չունեն: Նրանք արդեն իսկ անտեսել են ժողովրդի մի հսկայական զանգվածի, որը չի մասնակցել կամ չի ցանկացել մասնակցել հեղափոխությանը: Բացի այդ, անտեսված է նաեւ «հեղափոխական» մի մեծ հատված, որին իշխանությունը «տիրություն անել» կարող է միայն ինչ-ինչ «արտոնություններ» (իմա` երես) տալով: Երեւանում պաշտոնները չեն բավարարում, անցնում են մարզերը, համայնքապետեր հրաժարեցնում, սպառնում նրանց փոխարեն «դուխով» տղերքի դարձնել համայնքապետ: Եվ, այ քեզ անհաջողություն, պարզվում է, որ համայնքապետին դեռ պետք է ընտրել եւ ոչ թե նշանակել: Հակառակը՝ կոռուպցիա է: Ի դեպ, այս առումով, թերեւս, ամենախախուտը Վանաձորի քաղաքապետի աթոռն է, բայց նրան կա՛մ մոռացել են, կա՛մ էլ այնքան «դուխ» չունեն, որ Մամիկոնին ասեն` աչքիդ վերեւն ունք կա: Թե չէ եկել են Ծապլվարի տերտերի ու գյուղապետի փեշերից են կախվել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում