Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունենք, որ աշնանային նստաշրջանում մենք այլևս Պեդրո Ագրամունտի եւ Ջորդի Կոստայի մռութները Ստրասբուրգում չենք տեսնի». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 27,2018 13:14

Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների խմբի նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք` ԵԽԽՎ պատվիրակ, իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով։

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է խումբը նման նախաձեռնությամբ հանդես գալիս և քանի՞ ստորագրություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի հասնել նրան, որ նշված պատվիրակները զրկվեն մանդատներից:

Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց. «Հիշում եք՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Պեդրո Ագրամունտը խուլիգանական և ցինիկ ելույթ ունեցավ՝ մեղադրելով ԵԽԽՎ-ում  ստեղծված կոռուպցիոն սկանդալները հետաքննող անկախ հանձնաժողովին կողմնակալության մեջ՝ նշելով, որ այս ամենի նախաձեռնողը ամերիկացի Սորոսն է, հայկական լոբբին և որ ինքը բյուրեղյա կենսագրությամբ անձնավորություն է: Սա մենք գնահատում ենք որպես ապտակ ԵԽ-ին: Ի տարբերություն ԵԺԿ խմբի արդեն նախկին ղեկավար Սեզար Պրեդայի, որը կոռուպցիոն սկանդալից հետո, երբ անկախ հետաքննող մարմինն իր անունը նշեց՝ որպես Ադրբեջանի օգտին կաշառված լոբբիստ, ունեցավ նվազագույն արժանապատվություն և վայր դրեց պատգամավորի՝ իր մանդատը, բայց իսպանացի Պեդրոն շարունակում է համառել: Ուստի այսօր մեր խմբում՝ օգտվելով ԵԽԽՎ կանոնակարգից, որը նախատեսում է՝ նվազագույնը հիսուն ստորագրությամբ կարող ես դիմել ազգային պատվիրակությանը, անդամին մանդատից զրկելու հարցը քննարկել, հանդես եկանք նման ստորագրահավաքի նախաձեռնությամբ»:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ րոպեների ընթացքում անհրաժեշտ հիսուն ստորագրությունը հավաքվել է, և պատրաստվում են առաջիկա րոպեների ընթացքում հանձնել ԵԽԽՎ-ում իսպանական ազգային պատվիրակությանը:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Զոհրաբյանը նշեց. «Հույս ունենք, որ աշնանային նստաշրջանում մենք այլևս Պեդրո Ագրամունտի եւ Ջորդի Կոստայի մռութները Ստրասբուրգում չենք տեսնի: Եթե կամավոր հրաժարական չեն ներկայացնում, հետևաբար կա նման մեխանիզմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930